Երևանում կանցկացվի Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի լիագումար նիստ
Վաղը Երևանում կմեկնարկեն Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ լիագումար նիստի աշխատանքները: Դրանք կշարունակվեն երկու օր: Դատախազությունից տեղեկացանք, որ նիստին մասնակցելու համար ուրբաթ օրվանից Երևանում է Ավստրիայի գլխավոր դատախազի տեղակալ Յուգեն Ֆաբրիցին:
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների դատախազությունների համագործակցությանը վերաբերող հարցեր՝ կարևորելով հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմինների համագործակցությունը, փորձի փոխանակումը: ՀՀ գլխավոր դատախազը հույս է հայտնել, որ այցը կնպաստի համագործակցության զարգացմանը:
Հայաստանում գտնվելու ընթացքում Ավստրիայի գլխավոր դատախազի տեղակալը կայցելի Ծիծեռնակաբերդ և Ցեղասպանության թանգարան, ինչպես նաև Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ:
Նշենք, որ Երևանում է նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին:
Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի լիագումար նիստը Հայաստանում տեղի է ունենում առաջին անգամ , որի աշխատանքներին մասնակցելու համար Հայաստան կժամանեն 33 երկրներից 42 պատվիրակներ: Նիստում նախատեսվում է քննարկել անչափահասների վերաբերյալ քրեական գործերով արդարադատության իրականացման, ինչպես նաեւ քրեակատարողական ոլորտում դատախազության դերին վերաբերող հարցեր: Հոկտեմբերի 20-ին տեղի կունենա Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի նախագահի, փոխնախագահի, ինչպես նաեւ Խորհրդի բյուրոյի անդամների ընտրությունը: ԵԴԽԽ լիագումար նիստի աշխատանքները կամփոփվեն հոկտեմբերի 21-ին:
Աշխատանքային քննարկումներին զուգահեռ պատվիրակներին հնարավորություն կընձեռվի ծանոթանալ Հայաստանի պատմությանը, պատմամշակութային հուշարձաններին:
Ավելացնենք, որ Ադրբեջանից պատվիրակություն չի լինի: Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Ալդար Սուլթանովը: «Դրա մասին խոսքա անգամ լինել չի կարող»,-հայտարարել էր նա: