Սկանդալային միջադեպը տեղի էր ունեցել Երևանի թիվ 129 դպրոցում. Ուսուցչուհին վաղուց հեռացված է
Համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ ուսուցչուհին ձեռքերով ուժգին հարվածում է երեխաներին, նկարահանվել է Երևանի թիվ 129 դպրոցում, մաթեմատիկայի դասի ժամանակ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց կրթության, գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
«Մեզ հաջողվեց պարզել, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Գայի անվան թիվ 129 դպրոցում: Դա եղել է 4 տարի առաջ, այժմ այդ ուսուցչուհին չի աշխատում այդ դպրոցում, հեռացված է», -տեղեկացրեց տիկին Հովհաննիսյանը:
ԿԳՆ պաշտոնյայի խոսքով, «այդպիսի ուսուցիչներ չպետք է աշխատեն դպրոցներում»: «Մենք նորից ու նորից հանձնարարում ենք կրթության վարչությունների պետերին, որպեսզի զգուշացնեն տնօրեններին ու մանկավարժներին, որ նմանատիպ վիճակ չստեղծվի և իսկապես, այդպիսի ուսուցիչներ չպետք է աշխատեն», հավելեց ԿԳՆ պաշտոնյան:
Հարցին, թե արդյոք նման միջադեպերի մեղավորները միայն ուսուցիչնե՞րն են, Հովհաննիսյանը պատասխանեց, որ երեխաների հետ պետք է աշխատանքներ տարվեն: Այնուհետև հավելեց. «Այսօր պայմանագիր ենք կնքում երեխայի և ծնողի հետ, որով և ծնողն է պատասխանատու իր երեխայի վարքագծի համար, և բնական է, ուսուցիչն ունի որոշակի պատասխանատվություն ու իրավունքներ: Ուսուցիչը կարող է լավ գիտելիքներ ունենալ, բայց չկարողանալ երեխաների հետ շփվել, հաղորդակցվել: Նյարդերի ու առողջության հետ կապված խնդիրներ ունեցող ուսուցիչները, բնական է, պիտի թողնեն դպրոցը և ոչ թե ընդվզեն տնօրենի դեմ»:
Տիկին Հովհաննիսյանի մատնանշմամբ, կան դեպքեր, երբ ուսուցիչները բողոքում են դպրոցի տնօրենների` նրանց հեռացնելու մասին կայացրած որոշումների դեմ ու դատարանների միջոցով փորձում են վերականգնվել աշխատանքի:
Հիշեցնենք, որ համացանցում հայտնվել էր հերթական տեսանյութը, որտեղ երևում է` ինչպես է ուսուցչուհին ծեծում երեխաներին` ձեռքով հարվածում աշակերտի գլխին, դեմքին ու մեջքին: Տեսանյութից պարզ երևում է, որ ուսուցչուհին բարկացած է ու նյարդային:
Նախորդող նորություն` Հերթական սկանդալային միջադեպը հայկական դպրոցներից մեկում. Այս անգամ երեխաներին ծեծողը կին է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան