Հայ քաղաքագետն Ալիևների մասին. «Որդին պետք է իմանա` ինչ էր ասում հայրը»
Որդին պետք է իմանա` ինչ է ասել իր հայրը: Այսօր Երևան-Մոսկվա-Թբիլիսի հեռուստակամուրջի ժամանակ, արձագանքելով Ստեփան Շահումյանի անձն ընկալելու հարցում Հեյդար ու Իլհամ Ալիևների տարաձայնությունների մասին Panorama.am-ի դիտարկմանը, ասաց քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը:
«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում ներկայացված մեջբերումը վերաբերում է Հեյդար Ալիևի առաջին քարտուղար եղած ժամանակներին, ով այդ պահին ոչ միայն ինտերնացիոնալիզմի, այլ ամբողջ աշխարհում բարեկամության կողմնակից էր: Ալիև ավագի քաղաքականության կտրուկ փոփոխությունը պայմանավորված է նաև իր անձնական կարգավիճակի կտրուկ փոփոխությամբ, քանի որ նա դարձել էր մի երկրի նախագահ, որը փորձում էր ինչ-որ բան պահել, վերմակը դեպի իրեն ձգել ու հակադրվել ազգային ինքնորոշման իրավունքին»,- ասաց Ա. Մարկարովը:
«Իսկ Ալիև հոր և որդու վերաբերմունքը Ստեփան Շահումյանին տրամագծորեն հակասական է. որդին պետք է իմանա` ինչ է ասել իր հայրը»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ իր բազմաթիվ ելույթներում Իլհամ Ալիևը Ստեփան Շահումյանին անվանում է «բանդիտ»: Այս կապակցությամբ օրերս նախագահ Սերժ Սարգսյանն իր զարմանքն էր հայտնել.
«Մի՞թե Մոսկվայի լավագույն համալսարաններից մեկի ուսանողը չպետք է տեղյակ լիներ նույն ժամանակ Ադրբեջանի ղեկավար Հեյդար Ալիևի` բուռն ծափահարությունների ներքո հնչեցրած մտքերին. «Ստեփան Գեորգիի Շահումյանի վեհանձն կերպարը Ադրբեջանի աշխատավորների բոլոր սերունդների համար ներշնչման օրինակ է», «Եվ այսօր մենք հպարտությամբ ու սիրով ասում ենք (Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավարը խոսում էր Ադրբեջանի ժողովրդի անունից), որ Ստեփան Շահումյանը նաև ադրբեջանցի ժողովրդի զավակն է»: Այսպես էր խոսում Հեյդար Ալիևը»:
Նշենք, որ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն, իր հերթին, խոսելով նմանօրինակ հայտարարությունների` տարածաշրջանային հակամարտությունների հեռանկարների վրա ազդելու մասին, նշեց, որ այդ հռետորաբանությունը ոչ թե հակամարտության է հանգեցնում, այլ դրա հետևանքն է:
«Հակամարտությունն այսօր չի լուծվում ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկն ինչ-որ բան ասաց, այլ միանգամայն այլ պատճառներով»,- նշեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան