Հոգեբան. «Պետք է հարգել երեխայի արժանապատվությունը»
«Դպրոցում պետք է աշխատեն այնպիսի մանկավարժներ, ովքեր երեխայի արժանապատվությունը գնահատում են, այլ ոչ թե` նսեմացնում»,-այսօրվա ասուլիսում ասաց ԱԺ պատգամավոր Անահիտ Բխշյանը` անդրադառնալով համացանցում հայտնված տեսանյութին, որտեղ ուսուցչուհին ձեռքերով ուժգին հարվածում է երեխաներին:
Նրա խոսքով, երեխաները շատ տարբեր են, և մանկավարժի հմտությունը կայանում է նրանում, որ նա յուրաքանչյուր երեխային անհատական մոտեցում ցուցաբերի:
«Խորհրդային տարիների և այսօրվա մանկավարժությունը շատ տարբեր է, եթե նախկինում դասաժամի ընթացքում դասն էր կենտրոնում, ապա այսօր դասի կենտրոնում աշակերտն է: Այս մեթոդը նոր մանկավարժություն է և այն շատ ավելի դժվար է»,- ասաց ԱԺ պատգամավորը:
Նրա խոսքով, այսօր Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը պետք է ուսուցիչներին հմտություններ սովորեցնի, սակայն դա չի իրականացվում: Նրա խոսքով, Խորհրդային տարիներին մանկավարժությունն ավելի ավտորիտար էր, այսօր գոնե խոսվում է այն մասին, որ այդպիսի մանկավարժությունը ճիշտ չէ:
«Այսօր մեր ուսուցիչները պետք է բացահայտեն նախ յուրաքանչյուր երեխայի կրթական կարիքը, նոր հետո կրթություն կազմակերպեն»,- ասաց Ա. Բախշյանը:
Հոգեբան Ռուբեն Պողոսյանի խոսքով, այսօր մեր ուսուցիչները պետք է հասկանան, որ մեծագույն խնդիրը գիտելիք տալը չէ, այլ երեխային ճիշտ դաստիարակելն է: «Մանկավարժ լինելը կոչում է, այլ ոչ թե մասնագիտություն»,- ասաց նա:
«Արդյո՞ք մենք դպրոցում կերտում են դաստիարակված սերունդ: Այս հարցն է կարևոր»,- ասաց հոգեբանը և նշեց, որ համացանցում հայտնված տեսանյութների ուսուցիչները խաթարում են ուսումնադաստիարակչան գործընթացը: Նրա խոսքով, մեր հասարակության մեջ պետք է հստակ ամրագրվի, որ պետք է հարգել երեխայի արժանապատվությունը:
«Մանկավարժը պետք է ոչ միայն գիտելիքներ ունենա, այլ պետք է աշակերտների հետ հարաբերվելու, նրանց հասկանալու և ընկալելու կարողություն ունենա»,-հավելեց նա: