Թուրքիայի պատվիրակները հասան Երևան
Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր առանձնազրույց է ունեցել Թուրքիայի Վճռաբեկ դատարանի հանրային դատախազներ Ահմեդ Թասյուրտին և Օմար Յանարինի հետ: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան մեկնարկած Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ լիագումար նիստին ներկա չեն եղել: Գլխավոր դատախազը լրագրողներին ասել էր, որ զուտ տեխնիկական պատճառներով թուրք ներկայացուցիչները չեն կարողացել հասնել Երևան, ապա հույս էր հայտնել, որ նրանք հաջորդ նիստերին կհասցնեն մասնակցել:
Գխավոր դատախազության մամուլի ծառայության տեղեկացմամբ, հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հանցավորության դեմ պայքարում համագործակցությունը, երկու ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատումը: Ա.Հովսեփյանը հույս է հայտնել, որ անմիջական և անհատական շփումները կնպաստեն երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության ձևավորմանը:
Ա.Հովսեփյանն ընդունել է նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ցելլի գլխավոր դատախազ Հարալդ Ռենջին: Քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր:
Գերմանիայի և Թուրքիայի պատվիրակները Հայաստան են ժամանել մասնակցելու հոկտեմբերի 19-21-ը Երևանում կայանալիք Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ լիագումար նիստի աշխատանքներին: