Բուժհաստատությունների աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա, եթե դա ցանկանա հենց բուժհաստատությունը
2011թ-ի պետական բյուջեի նախագծի առողջապահությանը վերաբերող հատկացումներում նշված է, որ արտահիվանդանոցային, ինչպես նաև մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայություններ մատուցող որոշ մասնագետներ հաջորդ տարի կարող են ակնկալել աշխատավարձերի բարձրացում:
Արդյո՞ք սա առողջապահության ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման քաղաքականության մասին է խոսում, թե պարզապես գործադիրը կարևորել է ընդամենը նշված ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը: Նման հարցադրմամբ ՀՀ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանին դիմեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը:
«Ի տարբերություն շատ և շատ ոլորտների առողջապահությունում աշխատավարձ որպես այդպիսին` տողային ծրագրավորման տեսակետից, չունենք և կոնկրետ թվարկված ոլորտներում ֆինանսավորումն իրականացվում է ըստ բնակչության թվաքանակի»,- նախ պարզաբանեց Պ.Սաֆարյանը:
Իսկ արդեն անդրադառնալով պետբյուջեի նախագծում առկա աշխատավարձերի բարձրացմանը, նշեց, թե իսկապես նշված ոլորտի մասնագետների աշխատավարձերը բարձրացման ենթակա են: Օրինակ, պոլիկլինիկայի անձնակազմի աշխատողի միջին ամսեկան աշխատավարձը 77 հազար դրամից կդառնա 84.700 դրամ, իսկ միջին բուժանձնակազմի աշխատողների աշխատավարձը 49.300-ից կդառնա 54.200 դրամ:
Բայց. «Սա հաշվարկային աշխատավարձ է, այսինքն ոչ թե պետությունն է աշխատավարձ վճարում, այլ հիվանդանոցն է որոշողը, թե իր աշխատողին ինչքան աշխատավարձ տա... Պետությունը գինն է ավելացրել, որ նախատեսված է հիվանդանոցներին մեկ հիվանդի դիմաց, այնպես որ հաշվարկային աշխատավարձը կարող է բարձրանալ»,- բացատրեց նա: Ավելացրեց նաև, որ եթե նախագծում առկա է այդ հնարավորության դիտարկումը, դա ամենևին էլ չի նշանակում, թե աշխատավարձերը կբարձրանան, քանի որ բուժհաստատությունը կարող է, ասենք, այդ լրացուցիչ գումարները տրամադրել դեղորայքային ապահովմանը կամ այլ ծրագրի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան