Առողջապահությունը 2011թ-ի պետբյուջեի հիմնական գերակայությունն է
Առողջապահության ոլորտին 2011թ-ի պետական բյուջեի նախագծով, որ այս օրերին ոլորտ առ ոլորտ քննարկվում է Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովներում, տրամադրվելու է 62 մլրդ 543 մլն դրամ: Ընդ որում, ինչպես իր ելույթում հայտարարեց ՀՀ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, առողջապահությունը, սոցիալական ապահովության ու կրթական ոլորտների հետ այն հիմնական գերակայություններից է, ուր լրացուցիչ մուտքային միջոցներ են ուղվել:
«Ֆինանսավորման աճը լուրջ է»,- ընդգծեց նախարարի տեղակալը և թվարկեց, թե նախատեսված գումարները ուր են կոնկրետ հասցեագրվելու:
Այդպես, 2010թ-ի համեմատ 9 մլրդ 238 մլն դրամով ավելացել են առողջապահության ոլորտի ընթացիկ ծախսերը և կազմել են 59 մլրդ 128 մլն դրամ: Հաջորդ տարի դեղորայքային ապահովման ծրագրում էական փոփոխություն նախատեսված չէ` ֆինանսական միջոցների տրամադրման իմաստով և պահպանվելու է ընթացիկ տարվա մակարդակը, իսկ ահա հիվանդանոցային բուժօգնությանը նախատեսված հատկացումներում առկա է շուրջ 6 մլրդ դրամի չափով ավելացում. այս տարի պետական բյուջեով տրամադրվել է 21.1 մլրդ դրամ, իսկ ահա 2011թ-ին կհատկացվի 27.3 մլրդ:
«Առողջապահական այլ ծրագրերի իմաստով գրեթե պահպանված է 2010թ-ի հատկացումների մակարդակը և նշված 9 մլրդը ուղվելու է հիմնականում առաջնային և հիվանդանոցային բուժօգնությանը»,- հավելեց Պ.Սաֆարյանը: