ԼՂՀ ԱԺ նախագահը հանդիպել է «The HALO TRUST»-ի ղարաբաղյան ծրագրի ղեկավարին
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը հաղորդում է, որ Հոկտեմբերի 19-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է բրիտանական «The HALO TRUST» ոչ կառավարական կազմակերպության ղարաբաղյան ծրագրի ղեկավար Ռոլի Քլարկին և նույն ծրագրի գործողությունների գծով կառավարիչ Յուրի Շահրամանյանին:
Զրույցի ժամանակ ծրագրի ղեկավարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում «The HALO TRUST»-ի առաքելության ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները, ինչպես նաև առկա խնդիրները: Մասնավորապես, նրա հաղորդմամբ, անցած տասը տարում չպայթած ականներից և այլ զինամթերքից վնասազերծվել է, ընդհանուր առմամբ, շուրջ 4000 հա տարածք, ականազերծման կարիք ունի ևս ավելի քան 1000 հա տարածք: Որպես կարևոր ձեռքբերում` նա հատկապես ընդգծել է ականների և այլ զինամթերքի պայթյուններից տուժած բնակիչների թվի նվազումը:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ կառույցն ունի իր խնդիրները` կապված, մասնավորապես, ծրագրի ֆինանսավորման հետ: Ծրագրի ղեկավարի հաղորդմամբ` ֆինանսական շրջանակների ընդլայնման դեպքում կազմակերպությունը կարող է սեղմ ժամկետներում ավարտել վնասազերծման աշխատանքները:
Իր հերթին` ԱԺ նախագահը, կարևորելով «The HALO TRUST»-ի դերակատարությունը երկրի բնակչության կյանքի անվտանգության ապահովման ասպարեզում, հավաստիացրեց, որ ԼՂՀ իշխանությունները, այդ թվում` օրենսդիր մարմինը, պատրաստ են այսուհետ ևս ուղիներ և միջոցներ որոնել` հնարավորինս նպաստելու համար նրա նախաձեռնած մարդասիրական ծրագրի լիարժեք իրականացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան