Սաուդյան Արաբիայի արքայազնը համասեռամոլ է ու մարդասպան. Նրան ցմահ ազատազրկում է սպառնում
Լոնդոնի կենտրոնական քրեական դատարանը նախօրեին Սաուդյան Արաբիայի արքայազնին մեղավոր է ճանաչել ծառային սպանելու մեջ: «Ֆրանս պրես»-ի հաղորդմամբ, դատավճիռը կհրապարակվի այսօր, նրան ցմահ ազատազրկում է սպասվում:
Քննության ընթացքում պարզվել է, որ 34-ամյա արքայազն Սաուդ բին Աբդուլազիզ բին Նասիր ալ-Սաուդը այս տարվա փետրվարի 15-ին «Լենդմարկ» հյուրանոցում ծեծել ու խեղդել է 32-ամյա ծառային` Բանդար Աբդուլ Աբդուլազիզին:
Դատական պրոցեսի ընթացքում ներկայացվել է հյուրանոցի տեսախցիկների կողմից արձանագրվածը, որտեղ երևում է, թե ինչպես է արքայազնը դաժան ծեծի ենթարկել իր ծառային:
Վարկածներից մեկի համաձայն, նրանք ինտիմ կապերի մեջ են եղել միմյանց հետ, ու սպանությունն էլ կատարվել է ոչ ավանդական էրոտիկ խաղերի ժամանակ: Արքայազնի փաստաբանները պնդել են, որ արքայազն ու իր ծառան ճամփորդության ժամանակ հյուրանոցի մի համարում են գիշերել, նրանք միայն ընկերական հարաբերությունների մեջ են եղել: Սաուդյան Արաբիայում համասեռամոլության համար սպառնում է ցմահ ազատազրկում, հիշեցրել են փաստաբաները:
Նշվում է նաև, որ սպանությունից անմիջապես հետո արքայազնը ցանկացել է վերացնել հետքերը, հայտարարել է, որ ծառան ինքնասպան է եղել: