Ադրբեջանի ՊՆ-ն պարտվեց դատական գործը ճապոնական կազմակերպությանը
Բաքվի տնտեսական դատարանը բավարարել է ճապոնական հանրահայտ «Pioneer» կազմակերպության դատական հայցն ընդդեմ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության:
Այս մասին հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ճապոնական կազմակերպությունը մեղադրում էր նախարարությանը պատվիրված էլէկտրոնային սարքավորումների դիմաց ժամանակին եւ պատշաճ կերպով չվճարելու մեջ: Նշվում է, որ նախարարության պարտքի գումարը գերազանցում է 100 հազ. մանաթը (մոտ 125 հազ. դոլար):
Նշենք, սա Ադրբեջանի միակ նախարարությունը չէ, որ դատական քաշքշուկների մեջ է միջազգային կազմակերպությունների հետ: Օրեր առաջ Միջազգային ապահովագրական կազմակերպությունը դատական հայց էր ներկայացրել Ադրբեջանի տրանսպորտի նախարարությանը ապահովագրված գույքի դիմաց վճարները գանձելու նպատակով, իսկ AIKO» առևտրային ընկերությունը մեղադրում է արտաքին գործերի գերատեսչությանը նախարարության տեխնիկայի սպասարկման դիմաց չվճարելու մեջ:
Ալիեւի «օրեցօր բարգավաճող ու ծաղկող բյուջեով» Ադրբեջանի պետական ապարատի գործունեության մասին թերեւս կարծիք կարելի է կազմել նախարարությունների մասնավոր կազմակերպությունների հանդեպ տարրական պարտավորությունների կատարման մակարդակից: