Մայր Աթոռը դատապարտում է Հոլոքոստի հուշարձանի պղծումն ու անարգումը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտում է Հոլոքոստի հուշարձանի պղծումը:
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղեկացանք սույն ամսվա 19-ին մայրաքաղաք Երևանում կատարված Հոլոքոստի հուշարձանի պղծման վրդովեցուցիչ և դատապարտելի արարքի մասին:
Հուշարձանի պղծումն ու այլատյաց ոգով արված գրությունը վկայում են արարքի հեղինակների նեղմտության մասին: Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը բազմիցս ամենատարբեր առիթներով դատապարտել է ժողովուրդների միջև թշնամություն տարածելու նմանատիպ գործողությունները, մասնավորապես ազգային սրբություններ և նվիրական հիշատակներ համարվող հուշարձանների պղծումն ու վանդալական ոչնչացումը: Հայ Եկեղեցին, գիտակցելով ազգային սրբությունների բացառիկ արժեքը, նույն ընկալումով է մոտենում նաև բոլոր ժողովուրդների սրբություններին ու նվիրական հիշատակներին: Այս առումով խստորեն դատապարտելի է մանավանդ Հայաստանում նմանատիպ անմարդկային հանցագործության առկայությունը: Ազգային փոքրամասնությունների նվիրական հուշարձանների հանդեպ կատարված ոտնձգությունները հարիր չեն Ցեղասպանություն ապրած և աշխարհի ամենատարբեր երկրներում իբրև ազգային փոքրամասնություն ներկայացող հայ ժողովրդի զավակներին»,-ասված է տարածած հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին