Համանախագահների հայտարարությունը հերթական շանտաժի առի՞թ
Անդրադառնալով հոկտեմբերի 15-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը` «Голос Армении»-ն գրում է, որ եթե նախկին հայտարարություններում համանախագահները փորձում էին պահպանել որոշակի քաղաքական հավասարակշռվածություն, ապա այս անգամ իրենք վերոնշյալ հայտարարությունում օգտագործել են հայկական երկու կողմերի համար անընդունելի արտահայտություններ: Եթե նախկինում համանախագահները կիրառում էին «Լեռնային Ղարաբաղին հարող տարածքներ» արտահայտությունը, ապա այս հայտարարությունում նույն տարածքները անվանվել են «Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներ», ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը ներկայացվել է որպես «Ստեփանակերտ/Խանկենդի», ԼՂՀ իշխանությունները ներկայացված են որպես «փաստացի», իսկ նախկինում օգտագործվում էր «Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչները» ձևակերպումը:
Հոդվածագիրը նշում է, որ համանախագահների կողմից քաղաքական հավասարակշռության խախտումը առիթ դարձավ Իլհամ Ալիևի համար, որպեսզի վերջինս Եվլախում իր ելույթի ժամանակ հանդես գա էլ ավելի ագրեսիվ հայտարարություններով` նշելով, թե Հայաստանի ողջ տարածքն ադրբեջանական հողեր են: Թերթն իր զարմանքն է հայտնում այն կապակցությամբ, որ պաշտոնական Երևանը Մինսկի խմբի հայտարարությանը որևէ կերպ չի արձագանքել: Ըստ հոդվածագրի` «Տարածքները կարգավիճակի փոխարեն» պարտվողական բանաձևը, որը որոշ լիբերալ ուժեր փորձում են վերակենդանացնել, պետք է մեկընդմիշտ դուրս գա հայկական քաղաքականության օրակարգից: Հոդվածագիրը նշում է, որ հայկական հողերի հանդեպ թուրք-ադրբեջանական տանդեմի ախորժակները երբեք էլ չեն պակասի:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա