Հանրակրթության մասին. Բախշյանը դեմ է քվեարկելու
Օտարալեզու դպրոցների վերաբացմանն ուղղված աղմկահարույց «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե «Լեզվի մասին» օրենքը չի փոփոխվելու և ամեն բան կատարվելու է միայն «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների միջոցով: Սակայն երեկ ԱԺ Կրթության և գիտության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պարզվեց, որ, այդուհանդերձ, «Լեզվի մասին» օրենքն էլ որոշակիորեն փոփոխվելու է:
Ի դեպ, այն հանգամանքը, որ ԱԺ նախագահի ասածը, փաստորեն, իրականությանն այդքան էլ չի համապատասխանում, բավականին շատ է մտահոգում «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին:
Մինչև տիկին Բախշյանի հետ զրույցը ներկայացնելը նշենք, որ վերոհիշյալ նիստում ՀՀ Կրթության նախարար Արմեն Աշոտյանը, որը ներկայացնում է քաղաքական մեծամասնությունը, հայտարարեց, թե հնարավոր չէ առանց «Լեզվի մասին» օրենքում փոփոխության կարգավորել կառավարության առաջ քաշած խնդիրը` օտարալեզու դպրոցների վերաբացման առումով: Եվ առաջ անցնելով նշենք նաև, որ հաջորդ շաբաթ մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում նախագիծը կքննարկվի երկրորդ ընթերցման ռեժիմում:
Եվ այսպես, ինչո՞ւ է ստացվում այնպես, որ հնարավոր չէ Հ.Աբրահամյանի խոստումն իրականացնել և ի՞նչ է այդուհանդերձ փոփոխվելու «Լեզվի մասին» օրենքում: Ա.Բախշյանի տեղեկացմամբ, խնդիրն ընդամենը մեկ պարբերության մեջ է, որն ավելացվել է, այն է` «միջազգային հանրակրթական ծրագրերի իրականացման առանձնահատկությունները սահմանվում են «Հանրակրթության մասին» օրենքով».
«Սա է, որ արվելու է հակառակ նրա, ինչ հայտարարվել էր»,- ընդգծեց Ա.Բախշյանը:
Հետաքրքիրն այն է, որ դեռևս լսումների ժամանակ շատերը, այդ թվում նաև տիկին Բախշյանը, հայտարարեցին, որ ի վերջո անհնար է իրականություն դարձնել կառավարության ներկայացվածն առանց այդ կարևորագույն օրենքը ձեռք տալու, ինչն էլ հաստատվեց երեկվա նիստում:
Իսկ ի՞նչ մտահոգություններ կան մյուս` «Հանրակրթության մասին» օրենքի հետ կապված: «Ժառանգության» ներկայացուցիչը նշեց` նախագծի 4-րդ հոդվածի 9-րդ մասում ամրագրված է, որ կրթության լեզուն սահմանվում է «Լեզվի մասին» օրենքով`գրական հայերենն է. «Իսկ հիմա առաջարկում են ,գրական հայերենն է» բառերից հետո լրացնել` «բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» »:
Այսինքն ստացվում է, որ կառավարությունը վերադառնում է ողջ այս պատմության սկզբին, երբ նույն առաջարկությունն այդքան աղմուկ բարձրացրեց, պարզապես այս անգամ ամրագրում է դա «Հանրակրթության մասին» օրենքով:
Այս ամենից հետո տիկին Բախշյանն ավելացրեց միայն, որ դեմ է քվեարկելու, քանի որ մտահոգությունները չափից դուրս շատ են ու ավելացրեց` դարձյալ թեժ քննարկումներ են սպասվում…