Դ. Մեդվեդեւ. Արեւմուտքը մոլորվում է նույնացնելով Ռուսաստանը Սովետական Միության հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մոլորություն է որակել Արեւմուտքի փորձերը նույնացնել Ռուսաստանը Սովետական Միության հետ:
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է Մյունխենյան անվտանգության կոնֆերանսի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, ընդգծելով, թե Եվրոպայի հետ հարաբերությունները ՌԴ արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղություններից է:
«Այդպես եղել է Սովետական Միության տարիներին, այդպես էլ հիմա է՝ չնայած Ռուսաստանին հաճախ են փորձում նույնացնել Սովետական Միության հետ, ինչը մեծ եւ լուրջ մոլորություն է», - ասել է Մեդվեդեւը:
ՌԴ նախագահի խոսքերով, մարդիկ Ռուսաստանում շատ են փոխվել: «Ես հիշում եմ ինձ 25 տարի առաջ: Ես ուրիշ մարդ էի, չնայած որ կարծում էի թե կայացած անձնավորություն եմ, թեկնածուական աշխատանքը պաշտպանած, ուրիշ պատկերացումներ ունեի, միգուցե իդեալիստական, որոշ դեպքերում էլ անփորձ էի»:
Մեդվեդեւի խոսքերով, Ռուսաստանում նմանատիպ ճանապարհ են անցել մեծ թվով մարդիկ: «Ռուսաստանում գործընթացների ընկալման բարդությունը պետք է հաղթահարվի», - համոզված է ՌԴ նախագահը: