«Եվրանյուզ» հեռուստաալիքը հաղորդումներ կհեռարձակի Տաթևի համալիրի բացման և ճոպանուղու շահագործման մասին
«Ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհակալություն հայտնել մասնավոր հատվածի մեր գործընկերներին, ովքեր այս տարիների ընթացքում համագործակցելով կառավարության հետ, Տաթեւի վերականգնման ծրագիրը դարձրեցին իրականություն։
Այս մասին այսօր կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքերով, համաշխարհային տուրիստական քարտեզի վրա այսօր կա աշխարհի ամենաերկար ճոպանուղին, որը, բնականաբար, էապես բարձրացնում է Հայաստանի տուրիստական գրավչությունը։ «Սա մեր կառավարության պետություն-մասնավոր համագործակցության հայեցակարգի խոշորագույն ծրագրերից էր, և դուք գիտեք, որ ծրագիրն իրականացվում էր Ազգային մրցունակության հիմնադրամի ներքո` Հանրապետության Նախագահի անմիջական հսկողությամբ։ Նաև ուրախ եմ, որ այս համագործակցության կողմերից մեկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին էր, որի ջանքերը նույնպես ուղղված էին նրան, որ Տաթևի վերականգնման հիմնադրամը կարողանա հավաքագրել միջոցներ, և այս ծրագիրն իրականություն դառնա»,- ասել է Տ.Սարգսյանը:
Վարչապետը նշել է, որ «Եվրանյուզ» հեռուստաալիքը հաղորդումներ կհեռարձակի` նվիրված Տաթևի համալիրի բացմանը և ճոպանուղու շահագործմանը. «Այնպես որ և՛ կառավարությունը, և՛ մասնավոր հատվածը բավական լուրջ և մեծածավալ աշխատանք կատարեցին։ Հատկապես ուզում եմ նշել Ռուբեն Վարդանյանին, նրա անձնական ներդրումը և նրա ընտանիքի ներդրումը։ Կարծում եմ, որ սա նաև պետք է վարակիչ լինի մեր մասնավոր հատվածի գործընկերների համար` պետության հետ համատեղ այսպիսի մեծածավալ ծրագրեր իրականացնելու առումով։ Մոտ ապագայում մենք ներկայացնելու ենք ևս մի քանի այսպիսի նախաձեռնություն` ինչպես Ազգային մրցունակության հիմնադրամի, այնպես էլ ուղղակի պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքով կառուցված ծրագրեր, որոնք կարող են մոտակա երեք տարիների ընթացքում էապես բարելավել և՛ բիզնես միջավայրը, և՛ զբոսաշրջության համար ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ»,- հայտարարել է վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա