ՀՀ նախագահ. «80- տարին ցանկացած ԲՈւՀ-ի համար երկար ճանապարհ է». Ագրարային համալսարանը 80 տարեկան է
Այսօր տեղի ունեցավ Հայաստանի պետական ագրարային համալսարանի հիմնադրման 80-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը, որին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը:
Համալսարանի 80-ամյա տարեգրությունը ներկայացրեց Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը:
Շնորհավորական ուղերձով հանդես եկավ նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահի խոսքով, Հայաստանի պետական ագրարային համալսարանը հանդիսանում է հանրապետության կարևորագույն ուսումնական հաստատություններից մեկը.
«Անկասկած, Հայաստանի զարգացման գործում անուրանալի է այս համալսարանի շրջանավարտների ներդրումը: Մենք չէինք կարող ունենալ այսպիսի Հայաստան առանց համալսարանի շրջանավարտների և դասախոսների մասնակցության: Փոխվում են ժամանակները, փոխվում են պահանջները: Եվ այսօր, ձեր առջև նոր պահանջներ կան, և ես վստահ եմ, որ դուք համադրելով 80 տարիների այս կրթական հաստատության փորձն ու ժամանակակից գիտությունը կարող եք գտնել այդ խնդիրների լուծման բանալիները, իսկ որ խնդիրներն այսօր մեր երկրում, մասնավորապես, ագրարային սեկտորում շատ են, կարծում եմ, ոչ մեկ չի կասկածում:
Մաղթում եմ, որ դուք մշտապես պահանջված լինեք մեր երկրում, մաղթում եմ, որ դուք ամենացանկալի հյուրը լինեք մեր գյուղական շրջաններում: Ձեր մասնագիտությունն այնպիսին է, որ պետությունը և մասնավոր սեկտորը շահագրգռված են, որպեսզի դուք ունենաք բարձր մասնագիտական որակ, որպեսզի կարողանաք լուծել այդ խնդիրները, միևնույն ժամանակ կարողանաք ցույց տալ, որ ազնիվ աշխատանքով, դասախոսելով, կամ գյուղատնտեսությամբ զբաղվելով կարելի է արժանապատիվ կյանք վարել, կարել է լուծել բոլոր խնդիրները:
80- տարին ցանկացած բուհ-ի համար երկար ճանապարհ է:
Ես վստահ եմ, որ դուք անցնելու եք շատ տասնամյակներ և ձեր ճանապարհը լինելու է շատ լայն, իսկ ընթացքում դուք հաղթահարելու եք բոլոր խոչընդոտները»,- նշեց նախագահը:
ՀՀ նախագահի հրամանագրով կրթության և գիտության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար Հայաստանի պետական ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի մի խումբ ներկայացուցիչներ պարգևատրվեցին Անանիա Շիրակացու մեդալով:
Համալսարանի 80-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շարքում այսօր տեղի ունեցավ ՀՊԱՀ պատմության թանգարանի բացումը: Համալսարանի հոբելյանական միջոցառումները կավարտվեն համերգային ծրագրով և պաշտոնական ընդունելությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան