Մահմուդ Խան՝ Հայաստանում նկատելի է սպասարկման մակարդակի զգալի բարելավում
Առաջիկա 5 օրերին Հայաստանի առաջատար հյուրանոցների և ռեստորանների 20 ղեկակավարներ կմասնակցեն վերապատրաստման դասընթացների` «Հյուրընկալության և ռեստորանային կառավարում» թեմայով: Միջոցառման կազմակերպիչներն են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագիրը և Հայաստանի ռեստորանների ասոցիացիան:
Դասընթացը կվարի ԱՄՆ-ի Վիրջինիա Թեք/Վիրջինիայի պոլիտեխնիկ ինստիտուտի և պետական համալսարանի Հյուրընկալության և զբոսաշրջության կառավարման ֆակուլտետի պրոֆեսոր Մահմուդ Խանը, ով արդեն 30 տարի ներգրավված է հյուրընկալության և զբոսաշրջության կառավարման ոլորտում հետազոտությունների անցկացման, դասավանդման և ղեկավարման աշխատանքներում: Պրոֆ. Խանը նաև մշակել է հյուրընկալության և զբոսաշրջության ուսումնական ծրագրեր Մալազիայում, Ավստրալիայում, Կիպրոսում, Հնդկաստանում, Կորեայում, Տայվանում և ԱՄՆ-ում:
Մահմուդ Խանը Հայաստանում է արդեն 4-րդ անգամ և ասում է, որ միշտ մեծ սիրով է գալիս:
«Դասընթացի նպատակն է կատարելագործել այն մարդկանց հմտություններն, ովքեր զբաղեցնում են ղեկավար կառավարման պաշտոններ: Այն ներառում է կառավարման բոլոր ոլորտները՝ կադրային և ֆինանսական ռեսուրսների կառավարում, հյուրընկալության կառավարում, ռեստորանի կառավարում» ,-նշեց Պրոֆ. Խանը: Նա նաև խոստովանեց, որ մեծ սիրով այցելում է հայկական ռեստորանները:
«Ինձ դուր է գալիս առաջարկվող տեսականու բազմազանությունը, ծառայությունները, արդեն 4-րդ անգամ եմ այցելում Հայաստան և պետք է նշեմ, որ նկատում եմ սպասարկման մակարդակի զգալի բարելավվում»:
CAPS ծրագրի աշխատուժի զարգացման մասնագետ Անուշ Շահվերյանի կարծիքով, նմանատիպ միջոցառումներն ազդում են ղեկավար օղակների ինչպես մտածելակերպի, այնպես էլ հոգեբանության վրա:
«Եթե նա սովորում է կառավարման ավելի արդյունավետ և ժամանակակից մեթոդներ, նա այլևս չի ղեկավարվի նախորդ մեթոդներով, քանի որ արդեն գիտակցում է , որ նոր մեթոդների կիրառումը կարող է նպաստել իր գործունեության զարգացմանը»,- նշում է Անուշ Շահվերդյանը:
Հայաստանի ռեստորանների ասոցիացիայի նախագահ Լևոն Տեր Անդրեասյանի փոխանցմամբ, Մահմուդ Խանի հետ սա արդեն 2-րդ հանդիպումն է: Առաջին անգամ հանդիպել են 2009 թ «Սննդի անվտանգություն» թեմայով վերապատրաստման դասընթացի ժամանակ:
«Այս հանդիպումից մեծ սպասումներ և ակնկալիքներ ունենք: Դասընթացից հետո մեք կապ ենք պահելու բոլոր մասնակիցների հետ՝ կատարվող փոփոխությունների մասին տեղյակ լինելու համար: Կարծում եմ, որ ղեկավար մարմինների մակարդակով կազմակերպված այս դասընթացները կնպաստեն սպասարկման մակարդակի բարձրացմանը ռեստորանային և հյուրանոցային համալիրներում, ինչն էլ իր հերթի կխթանի զբոսաշրջության զարգացումը»,- նշեց Լևոն Տեր Անդրեասյանը:
Վերապատրաստման դասընթացից հետո, նոյեմբերի 1-ին, անցկացվելու է քննություն, որը հաջողությամբ հանձնած մասնակիցները հնարավորություն կունենան շարունակել ուսումնառությունը և դառնալ միջազգային հավաստագիր ունեցող դասավանդողներ: