ԱԺ վերակառուցված դահլիճն օրհնվեց
Քիչ առաջ բացվեց ու ՀՀ ղեկավարությանը, լրատվամիջոցներին ներկայացվեց ԱԺ վերակառուցված դահլիճը: Բացման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, վարչապետ Տիգրան Սարգսյանը, գործադիր ու օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, լրատվամիջոցների ղեկավարներ:
Ինչպես փոխանցում է մեր թղթակիցը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր ելույթում մաղթել է, որ եվրոպական չափանիշներով կառուցված օվալաձև այս դահլիճում պատգամավորներն աշխատեն հանդուրժողականության մթնոլորտում ու այդ չափանիշներին համապատասխան:
Դահլիճը օրհնեց ամենայն Հայոց կաթողիկոսը: «Թող այս դահլիճում հաստատվեն օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ամուր են պահում մեր երկիրը: Թող ժողովրդավարության ոգին առաջնորդ լինի ձեզ»,-իր խոսքում մաղթեց երկրի հոգևոր առաջնորդը: Այնուհետև հնչեց տերունական աղոթք:
Նշենք, որ խորհրդարանի դահլիճի վերանորոգման աշխատանքները սկսել են ամռան սկզբից: Այն ամբողջությամբ փոխել է իր տեսքը. նախկին ուղղանկյունաձև դահլիճի փոխարեն այսուհետև հայրենի խորհրդարանականները կաշխատեն օվալաձև դահլիճում։
Խորհրդարանի նոր դահլիճում պատգամավորները կքվեարկեն նոր քարտային համակարգով, կունենան քվեարկության նոր էկրան, ինչպես նաև հնարավորություն` տեղում ուսումնասիրել օրենսդրական նախաձեռնությունները։ Նոր դահլիճում կապահովվի նաև 6 լեզվով համաժամանակյա թարգմանություն ապահովող կոնֆերենս համակարգ։
Այս դահլիճում ևս լրագրողներն ունենալու են իրենց աշխատանքի տեղը, այն զգալիորեն տարբերվում է նախորդից: Օրենսդիրներից լրագրողները անջատված են լինելու ապակյա «պատնեշով» և տեղավորվելու են դահլիճի վերին օթյակներում: Նշենք, որ նոր դահլիճի աթոռներն ու տեխնիկան կորեական են։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան