Գորտի արտահանումը դադարեցվել է, արտահանվում է միայն ձուկ և խեցգետին
Կառավարությունը նոր որոշմամբ փորձում է խթանել Հայաստանից ջրային կենդանիների, հիդրոբիոնտների և դրանցից ստացված մթերքի արտահանմանը, սակայն այս տարի հանրապետությունից արտահանվել է միայն ձուկ և խեցգետին: Անցյալ տարվա` գորտի արտահանման փորձերը, ինչպես պարզվում է, իրենց չեն արդարացրել:
Ընդհանուր առմամբ, հանրապետությունից արտահանվել է 150 տոննա ձուկ:
Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարարության սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ Ալեքսանդր Ալեքսանյանը:
Բաժնի պետի հավաստմամբ, արտահանվել է հիմնականում իշխան և թառափ ձկնատեսակներ: Նա նկատեց, որ Հայաստանը ձկան արտահանման համար նոր պայմանագիր է կնքել նաև Կանադայի հետ, որտեղ արդեն 250 կիլոգրամ ձուկ է ուղարկվել: Բացի ձկից երկրից նաև խեցգետին է արտահանվում: Այն հիմնականում ուղարկվում է Եվրամիության երկրներ: Իսկ դրա համար անհրաժեշտ արտահանման արտոնագրերը առողջապահության նախարարությունն է տալիս: Բադի այդ, Ա. Ալեքսանյանի խոսքով, խեցգետին արտահանվում է նաև Ուկրաինա, Ռուսաստան, մասնավորապես, Կրասնոդար, սակայն մեծ քանակությամբ խեցգետինն «ուղևորվում է» դեպի Եվրոպական խոշոր երկրներ:
Ինչ վերաբերում է ջրային այլ կենդանիների, մասնավորապես, գորտի արտահանմանը, ապա Ա. Ալեքսանյանը նշեց, որ Հայաստանից այլևս գորտ չի արտահանվում: Հիշեցնենք, որ անցյալ տարի հանրապետությունից 600 կիլոգրամ գորտ է արտահանվել Իտալիա և 5 տոննա` Ֆրանսիա: Բաժնի պետը նշեց, որ դա փորձնական ծրագիր էր, որն ինչ-ինչ պատճառներով չարդարացրեց իրեն:
Հիշեցնենք, որ կառավարությունը հոկտեմբերի 21-ի նիստում որոշել է Հայաստանից Եվրամիության երկրներ ձկան, ջրային կենդանիների, հիդրոբիոնտների և դրանցից ստացված մթերքի արտահանման լիազոր մարմին ճանաչել գյուղատնտեսության նախարարությունը, հաստատել մթերքների մեջ անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակի հսկողության իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կարգը, այդ արդյունքների գրանցման ձևաթղթի լրացման իրավասու մարմին ճանաչել գյուղատնտեսության նախարարությունը։
Նշենք, որ բաժնի պետի հավաստմամբ, կառավարության որշումն այն բանի համար է արվել, որ տնտեսվարող սուբյեկտն այլևս հայտ չներկայացնի նախարարություն` ապրանք ներկրելու թույլտվություն ստանալու համար: «Հայտն է միայն վերացել: Եթե տնտեսվարող սուբյեկտն ունի անասնաբուժական ու լաբորատոր փորձաքննության արդյունքները, ապա նա կարող է ազատ, առանց հայտի ապրանք բերել երկիր և արտահանել»,-նկատեց նա:
Նախորդող նորություն` Հայաստանն Իտալիա ու Ֆրանսիա գորտ է արտահանում