Գ. Մանուկյան. «Աշակերտների գիտելիքների մակարդակը բավականին ցածր է»
Գնահատման և թեստավորման կենտրոնը հանրապետության մարզերի ավագ դպրոցների 10-րդ դասարաններում անցկացրել է աշակերտների գիտելիքների ստուգում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաներից: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը:
Նա նշեց, որ աշակերտների նախնական գիտելքիների ստուգման նպատակն է ընդհանուր պատկերացում կազմել, թե ինչպիսի նախնական բազայով են աշակերտներն ավագ դպրոց ընդունվել:
«Աշակերտների գիտելիքների ստուգման գործընթացը կենտրոնին հնարավորություն է տալիս հետագայում հետևելու այս աշակերտների կրթական զարգացմանը»,- ասաց նա: Նրա խոսքով, ավագ դպրոցներում աշակերտների գիտելիքների ստուգումն իրականացվելու է 3 տարի շարունակ, որի արդյունքում կենտրոնը կունենա ավագ դպրոցների շրջանավարտների զարգացման դինամիկայի հստակ պատկերը:
Գ. Մանուկյանը հայտնեց, որ մարզերի ավագ դպրոցներում անցկացված աշակերտների գիտելիքների արտաքին գնահատման արդյունքները կհրապարակվեն առաջիկայում, քանի որ հարցաթերթիկները դեռ ստուգվում են:
«Սակայն նախնական տվյալները հուսադրող չեն, աշակերտների գիտելիքների մակարդակը բավականին ցածր է»,-հավելեց Գ. Մանուկյանը: Մայրաքաղաքի ավագ դպրոցներում վերոնշյալ երեք առարկաներց ստուգումներն անցկացվելու են այս շաբաթ, որոնց արդյունքները կհրապարակվեն առաջիկայում:
Նրա տեղեկացմամբ, աշակերտների գիտելիքների արտաքին գնահատման համար նախատեսված թեստերում ընդգրկված չի եղել այս կիսամյակում անցած որևէ թեմա, այլ ընդգրկված է եղել 5-9-րդ դասարանում անցած թեմաները: Գ. Մանուկյանի խոսքով, ստուգումներից հետ կենտրոնի վերլուծական բաժինն իր հետազոտություններն է անցկացնում, որից հետո ընթացիկ գնահատումների արդյունքները ներկայացնելու է ՀՀ կառավարություն, ԱԺ, ԿԳՆ և մարզպետարաններ` հետևություններ անելու համար:
Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղարը նշեց, որ առաջիկայում նախատեսվում է աշակերտների գիտելիքների ստուգում անցկացնել հանրապետության դպրոցների 5-րդ դասարաններում`«Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաներից, իսկ 6-րդ դասարանում `օտար լեզուներից: Դեկտեմբերին հանրապետության դպրոցների 8-րդ դասարաններում կանցկացվի աշակերտների գիտելիքների ընթացիկ ստուգում բնագիտական առարկաներից`քիմայից, կենսաբանությունից, ֆիզիկայից և աշխարհագրություն: