Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին վերակառուցվել և վերաբացվել է առանց Թուրքիայի մի գրոշ օգնության
Տրապիզոնի Սյումելա և Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցուց հետո բացվել է նաև Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին: «Էրմենիհաբեր» (Ermeni.am) լրատվական կայքի տեղեկացմամբ` երեկ առաջին անգամ եկեղեցում պատարագ է մատուցվել:
Վերջին անգամ եկեղեցին գործել է 1978 թվականին: Նշենք, որ երկար տարիներ որպես պահեստ օգտագործվող եկեղեցին գտնվում էր անբարեկարգ և խարխուլ վիճակում: Տանիքն ամբողջությամբ փլվել էր, պատերը` քանդվել: Այժմ Դիարբեքիրի հայերի հիմնած Սուրբ Կիրակոս եկեղեցու ֆոնդի և Դիարբեքիրի քաղաքապետարանի համատեղ ջանքերով վերակառուցվել է: Վերակռուցման աշխատանքները տևել են 2 տարի:
32 տարվա դադարից հետո առաջին անգամ մատուցված պատարագին ներկա գտնվող Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, խոսելով վերակառուցման աշխատանքների մասին, ասել է. «Պետության կողմից ոչ մի գրոշ չենք ստացել, քանի որ համայնքին պատկանող եկեղեցուն պետությունը չի օգնում: Ամբողջը մեր միջոցներով ենք արել»:
Իսկ Սուրբ Կիրակոս ֆոնդի նախագահ Թեքին Փափուչյանն ասել է. «13 տարեկան էի, երբ այստեղ եկանք, փողոցում հաճախ էի լսում իմ հասցեին հնչող «գյավուր»(անհավատ) բառը: Ծնողներս այստեղ շատ անհանգիստ էին ապրում, և մենք ընտանիքով հեռացանք: Ուզում եմ իմ թոռնիկին կնքել այստեղ: Չենք կարող թույլ տալ, որ ոչնչացվեն մեր արմատները»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան