Թուրքիայի հետախուզությունը դատարանին հայտնել է, որ Դինքի սպանության մասին նախապես տեղյակ չի եղել
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MİT) գրավոր հաղորդագրություն է ուղարկել պոսլահայ ականավոր գործիչ, «Ագօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործը քննող դատարան, որում նշված է, որ Դինքին կանչել են Ստամբուլի նահանգապետարան և «MİT»-ի աշխատակիցը նրան խորհուրդ է տվել զգուշանալ:
«Նահանգապետարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ խորհրդատվական բնույթի տեղեկություն է եղել: Դինքի նախազգուշացվել է, որ Սաբիհա Գյոքչենի վերաբերյալ գրած իր հոդվածը կարող է հասարակական զայրույթի պատճառ դառնալ»,- տեղեկացվում է ««MİT»-ի հաղորդագրությունում: Միևնույն ժամանակ նշվում է, որ անվտանգության աշխատակիցները Դինքի հնարավոր սպանության մասին ոչ մի տեղեկություն կանխավ չեն ստացել:
Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» (Haberler) լրատվական կայքը:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ագօս» թերթի խմբագրատան առջև: Սպանության կատարման մեջ մեղադրվում է թուրք ազգայնական Օգյուն Սամասթը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեղավոր է ճանաչել Թուրքիային մարդու իրավունքների հռչակագրի 2-րդ (կյանքի իրավունք) և 10-րդ (խոսքի ազատություն) հոդվածների ոչ պատշաճ ապահովման մեջ, ինչի հետևանքով էլ սպանվել է Դինքը: