Հայտնաբերվել է մումիֆիկացված այծի կմախք
Արենի 1-ին քարայրում այս տարի պեղումների ժամանակ հայտնաբերվել է մումիֆիկացված այծի գրեթե ամբողջ կմախքը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Արենի 1-ին քարայրի արշավախմբի հայկական կողմի ղեկավար Բորիս Գասպարյանը:
Նա նշեց, որ մասնագետների կարծիքով, հնարավոր է նաև այծի ուղեղը պահպանված լինի: «Այժմ այծից հատվածներ է ուղղարկվել լաբորատորիաներ այն թվագրելու համար»,- ասաց նա:
Նա նշեց, որ այծի մարմինը հնարավոր է եգիպտական ամենահին մումիաներից 1000-1500 տարով հին լինի:
«Եգիպտոսում հայտնաբերված կենդանիների մումիաների մումիֆիկացիան կատարել է մարդը, իսկ Արենիում ընտրել են մի այնպիսի միջավայր, որտեղ օրգանական նյութերը ուղղակի գերազանցապես է պահպանվում»,- ասաց նա:
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը նշեց, որ հայտնաբերված այծը հնարավորություն է տալիս ուսումնասիրել, թե այծի վայրի տեսակներն ընտելացման ինչ ճանապարհ են անցել: Ըստ բանախոսի, գտածոն թվագրվում է մ.թ.ա 3900 թվականի վերջին:
«Սակայն սա մեր պատկերացումներ են, քանի որ դեռևս սպասում ենք լաբորատորիաների պատասխաններին»,- ասաց նա: Բորիս Գասպարյանն էլ նշեց, որ գտնված այծի ուսումնասիրությունների հենքի վրա կկառուցվի այծի վայրի տեսակների ուսումնասիրության խնդիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան