«Popok» գովազդի միջազգային փառատոնին ներկայացվել է 400 գովազդ
Հոկտեմբերի 28-30-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Popok» գովազդի միջազգային փառատոնը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի գովազդային խորհրդի նախագահ, «Popok» գովազդի միջազգային փառատոնի նախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ մինչ օրս փառատոնով հետաքրքրվել են 58 երկրների 196 քաղաքներից: Հետաքրքրվել են Գերմանիայից, Թուրքիայից, Ուկրաինայից, Իրանից Ֆրանսիայից, Բելառուսից, Վրաստանից, Ռուսաստանից, Մերձբալթյան երկրներից և այլն:
Գովազդային մրցույթի անվանակարգերն են` հեռուստագովազդ, ռադիոգովազդ, ինտերնետ գովազդ, տպագիր գովազդ, մարքեթինգային արդյունավետություն, գրաֆիկական դիզայն: Բոլոր անվանակարգերում նախապատրաստվել են մրցանակներ:
Նրա խոսքով, փառատոնին ներկայացվել է մոտ 400 գովազ`Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Լատվիայից, Էստոնիայից, Հայաստանից և մի շարք այլ երկրներից: «Ներկայացված գործերի գերակշռող մասը արտերկրից ներկայացված գովազդներ են, իսկ Հայաստանից ներկայացվել է շուրջ 170 գովազդ: Փառատոնին մասնակցել ցանկացողները դեռ ժամանակ ունեն` այսօր և վաղը կարող են դիմել»,- ասաց նա:
Փառատոնի կազմակերպիչ Շուշանիկ Արևշատյանը նշեց, որ այս փառատոնին Հայաստանից ռադիոգովազդ ընդհանրապես ներկայացված չէ: «Ոչ մի հայկական ռադիո որևէ գովազդ չի ներկայացարել»,- ասաց Շ. Արևշատյանը և հավելեց, որ «դրա պատճառները կարող են լինել մի քանիսը, կամ մեր ռադիոընկերությունները մտածում են, որ իրենց գավազդները այնքան լավն են, որ փառատոնին ներկայացնելու կարիք չունեն, կամ էլ դեռ մտավախություն ունեն փառատոնին մասնակցելու համար»:
Ա. Մարտիրոսյանը հայտնեց, որ ժյուրիի կազմում լինելու են ոլորտի նշանավոր մասնագետներ Ուկրաինայից, Մեծ Բրիտանիայից, Բելառուսից, Թուրքիայից, Էստոնիայից, Լիբանանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից և Լատվիայից:
Նրա խոսքով, Հայաստանում գովազդային դաշտը դեռևս գտնվում է իր զարգացման փուլում և նման փառատոններն իսկապես կօգնեն, որ Հայաստանում գովազդը զարգանա: Այս փառատոնը հնարավորություն կընձեռի գնահատելու գովազդի հայաստանյան շուկան, նոր մակարդակի հասցնելու գովազդի երեք օղակները`գովազդատու, գովազդային գործակալություն, սպառող, նաև կնպաստի գովազդի շուկայի մրցունակության բարձրացմանը:
Ա. Մարտիրոսյանը նաև հայտնեց, որ փառատոնի շրջանակներում կանցկացվեն վարպետության դասերով, որոնք կվարեն փառատոնի ժյուրիի անդամները, Հայաստանում գովազդի ոլորտի հայտնի վարպետները: Նշենք, որ վարպետության դասերը մեկնարկելու են հոկտեմբերի 27-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին