Իլհամ Ալիևը տապալե՞ց Աստրախանի բանակցությունները
Այսօր մերձկասպյան Աստրախան քաղաքում ՌԴ նախագահի նախաձեռնությամբ կայանալու է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հերթական եռակողմ հանդիպումը:
Այս ձևաչափով նախագահների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել այս տարվա հունիսի 17-ին` Սանկտ Պետերբուրգում: Այն ժամանակ Դմիտրի Մեդվեդևը որոշակի առաջարկներ էր ներկայացրել Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևին: Հանդիպման ընթացքում նախագահները հավանություն էին տվել հնչած առաջարկներին, սակայն հանդիպումից հետո Իլհամ Ալիևը լքել էր Սանկտ Պետերբուրգը` չնայած նախապես ծրագրել էր մասնակցել նաև հաջորդ օրը նախատեսված Պետերբուրգյան տնտեսական ֆորումի աշխատանքներին:
Ավելին` հանդիպումից ժամեր անց, հունիսի լույս 18-ի գիշերը, ադրբեջանական բանակի դիվերսիոն խումբը ներխուժում է շփման գծի թիկունք, ինչի արդյունքում երկուստեք զոհեր են գրանցվում: Առհասարակ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում բանակցային գործընթացին հաջորդող զինված բախումները դարձել են յուրօրինակ նշան, որով ի ցույց է դրվում վերջին հանդիպման արդյունքների նկատմամբ կողմերի վերաբերմունքը: Այսկերպ` փաստորեն Իլհամ Ալիևը ևս մեկ «գործիքով» փաստարկեց իր դժգոհությունը Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից:
Այս անգամ դեպքերը, կարծես թե, զարգանում են հակառակ հերթականությամբ: Աստրախանում կայացած հանդիպումից ժամեր առաջ ադրբեջանական դիպուկահարները սպանել են Արցախի պաշտպանության բանակի զինծառայողի: Կասկածից վեր է, որ սա Աստրախանի ենթադրյալ արդյունքները վիժեցնելու ծրագրված գործողություն է:
Այս պարագայում հարց է առաջանում` ի՞նչ էր քննարկվել Սանկտ Պետերբուրգում և ի՞նչ է նախատեսված Աստրախանում, որին չկարողանալով հակադրվել բանակցությունների սեղանի շուրջ, Իլհամ Ալիևն այնուամենայնիվ փորձում է խուսափել համաձայնություններից:
Հարցի պատասխանը գտնելու համար պետք է փոքրիկ անդրադարձ կատարենք բանակցային գործընթացին անցած փուլերին: Հայտնի է, որ գործընթացն իրականում բաղկացած է երկու խումբ ջանքերից. դրանցից առաջինով փորձ է արվում հաղթահարել հակամարտությունը (պլան մաքսիմում), այսինքն` լուծել այն, իսկ երկրորդով` հակամարտությունը կառավարելի դարձնել (պլան մինիմում), այսինքն` պահպանել ու ամրապնդել հրադադարի ռեժիմը:
Բոլոր չափումներով մաքսիմում պլանը միջնաժամկետում իրականացնել հնարավոր չէ: Պատճառները հայտնի են: Ուստի զարմանալի չէ, որ միջնորդների հիմնական ջանքերն այս փուլում ուղղված են պլա-մինիմումի իրականացմանը: «Մայնդորֆյան հռչակագիրը», շփման գծում մոնիտորինգի ինտեսնիվացումը հենց այս ծրագրի իրականացմանն են միտված: Սակայն թե միջնորդները, թե կողմերը հասկանում են, որ այդ գործիքները դրված խնդրի լուծում չեն: Անհրաժեշտ են ավելի արդյունավետ մեխազնիմներ:
Անցած մեկ-երկու տարվա ըթացքում շրջանառության մեջ է կոնկրետ երկու առաջարկ. դիպուկահարներին առաջնային գծից հետ քաշելու համաձայնություն և պայմանագիր ուժի կիրառումից ու դրա սպառնալիքից հրաժարվելու մասին: Առաջին առաջարկը հնչել է և միջնորդների կողմից, և «ամենաբարձր մակարդակով»` ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կիմունի կողմից: Սակայն Ադրբեջանը հրապարակավ հրաժարվել է այս հարցում համագործակցությունից:
Ինչ վերաբերում է երկրորդ կոմպոնենտին` ուժի կիրառումից հրաժարվելու փաստաթուղթ ստորագրելուն, ապա այսօր արդեն ակնհայտ է, որ վերջին շրջանում միջնորդների ջանքերն ուղղված էին հենց սրան: Ավելին` Սանկտ Պետերբուրգում հենց այս առաջարակն էր հավանության արժանացել նախագահների կողմից, բայցև` գործնականում մերժվել Իլհամ Ալիևի կողմից:
Այսօր ըստ ամենայնի նախատեսվում էր կրկին համոզել կողմերին` մասնավորապես Իլհամ Ալիևին` հրաժարվել հակամարտությունն էսկալացիայի տանելու մտքերից: Սակայն այդ ջանքերն իզուր են: Հանդիպումից ժամեր առաջ իրավիճակը թեժացնելով` Ադրբեջանի իշխանությունները մերժում են այդ գաղափարը:
Նման պահվածքի ու դրա հետևանքների մասին կարելի է տարբեր կանխատեսումներ անել: Սակայն, արժե սպասել հանդիպման արդյունքներին. Հետագա զարգացումների մասին քիչ թե շատ հիմնավոր խոսելու համար շատ կարևոր է այն հանգամանքը, թե համանախագահներն ի վերջո հրապարակային գնահատական կտա՞ն կողմերից մեկի ապակառուցողական գործողություններին և հրադադարի ռեժիմը խախտելու համար հասցեավորված մեղադրանք կներկայացնե՞ն, թե՞ ոչ: