ՀՀ ԱԳՆ. Հանդիպումը օգտակար էր և կարևոր
Այսօր Աստրախանում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը օգտակար էր և կարևոր: Գնահատելով կայացած հանդիպումը` լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
ԱԳ նախարարը մասնավորապես նշեց. «Նախագահները քննարկեցին ԼՂ հիմնախնդրի կարգավորման մանրամասները: Վերահաստատեցին Մայնդորֆում ընդունված հռչակագրի դրույթները, ընդգծեցին, որ հակամարտության դիվանագիտական, քաղաքական լուծման ուղու համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել` ռազմական ոլորտում փոխվստահության մթնոլորտի բարձրացման և հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ: Պայմանավորավածություն ձեռք բերվեց ռազմագերիների փոխանակման ու մահացածների աճյունների հանձնման վերաբերյալ, և այս պայմանավորվածությամբ նաև ապագայում առաջնորդվելու մասին: Հանձնարարվեց ԱԳ նախարարներին շարունակել աշխատանքները և փորձել պայմանավորվածության գալ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ` մինչև Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը»:
Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի եռակողմ հանդիպումը, որն այս տարվա ընթացքում թվով երրորդ հանդիպումն էր այս ձևաչաթով: