«Առողջ սնունդ` առողջ սիրտ». Մարդիկ պետք է իրազեկված լինեն առողջ սննդի վերաբերյալ
Հայաստանում շարունակվում է սրտանոթային հիվանդությունների աճն ու երիտասարդացումը, բարձրանում է այդ հիվանդությունների տեսակարար կշիռը ընդհանուր հիվանդացության և մահացության կառուցվածքում:
Այս մասին տագնապ է հնչեցնում Հայկական բժշկական ասոցիացիան (ՀԲԱ):
Ասոցիացիան այս ամսվա ընթացքում 1000 դպրոցական տարիքի երեխաների շրջանում կատարել է «Երեխաների օրգանիզմի բնականոն աճն ապահովող սննդային գործոնների գնահատումը Երևանում» լայնածավալ հետազոտությունը: Հետազոտության արդյունքները ևս փաստում են, որ երեխաների մոտ բարձր տարածվածություն ունեն ավելցուկային քաշն ու ճարպակալումը, որի պայմանավորող գործոններից են առողջ սննդակարգի մշակույթի բացակայությունն ու իմացության անբավարար աստիճանը:
Ելնելով այս արդյունքներից ` ՀԲԱ-ն սկսում է իրականացնել «Առողջ սնունդ` առողջ սիրտ» ծրագիրը, որի նպատակն է ճիշտ կենսակերպի, մասնավորապես, առողջ սննդի վերաբերյալ բնակչության բազմակողմանի իրազեկումը:
Ասոցիացիայի հաղորդմամբ, ծրագիրը ներառում է առողջ կենսակերպի ներդրման միջոցառումների ամբողջական փաթեթ, ինչպես նաև հատուկ մակնշման միջոցով հասարակության իրազեկում այն սննդամթերքների մասին, որոնց օգտագործումը վնասակար չէ առողջությանը: Ծրագրի առաջին փուլում ասոցիացիան որոշել է հսկողություն իրականացնել սննդամթերքներում ճարպի, շաքարի և աղի պարունակության նկատմամբ, քանի որ դրանք հանդիսանում են սրտանոթային հիվանդությունների առաջացման ամենատարածված և վտանգավոր գործոնները:
«Ուստի, Հայկական բժշկական ասոցիացիան դիմում է բոլոր շահագրգիռ մարմիններին և, առաջին հերթին, զանգվածային լրատվամիջոցներին մեր ծրագրին աջակցելու կոչով և խնդրանքով: Բոլորս կարող ենք մեր ներդրումը ունենալ առողջ սերունդ դաստիարակելու, հասարակության առողջացմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու այսօր արդեն հրատապ գործում: Եվ այդ ամենը, անշուշտ, կնպաստի մեր երկրի սոցիալական, առողջապահական, հոգեբանական խնդիրների արդյունավետ լուծմանը»,-կոչ են անում կազմակերպիչները: