Ստորագրվեց ՏՏ ոլորտի ճյուղային վիճակագրության վարման գործընթացի վերաբերյալ հուշագիր
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Ազգային վիճակագրական ծառայությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ), Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), Էլեկտրոնային բովանդակության ասոցիացիան և Եռաչափ մոդելավորման միությունը այսօր կնքեցին հուշագիր, որը վերաբերում էր ՏՏ ոլորտի ճյուղային վիճակագրության (վարչական ռեգիստրի) վարման գործընթացի կայացմանը նպաստող համագործակցությանը:
Ինչպես նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, հուշագրով նախատեսվում է էկոնոմիկայի նախարարությունում ձևավորել վարչական ռեգիստր: Դա նշանակում է, որ ՏՏ ոլորտի վիճակագրության համար կստեղծվի որոշակի մեխանիզմ ՁԻՀ-ում, և ՏՏ ոլորտի ընկերություններն իրենց հաշվետությունները կտրամադրեն այդ ռեգիստրին, որը կօգտագործվի թե քաղաքականության նպատակով, թե վիճակագրական նպատակով, և կփոխանցվի ԱՎԾ-ն:
Նախարարի խոսքերով, մասնավոր հատվածը նույնպես շահագրգռված է, որ այդ վիճակագրությունը ստեղծվի; <Սա լավ օրինակ է տնտեսության մնացած հատվածների համար, որպեսզի նրանք ընկալեն կարևորությունը չափելի քաղաքականության հարցում>,- ասաց Ն.Երիցյանը` հավելելով, որ այսպիսով միասնաբար ստեղծվում է մի արժեք, որից բոլորն են օգտվելու: Նա միաժամանակ նշեց, որ վարչական ռեգիստրի ստեղծումով կունենան բազբմաբնույթ վիճակագրություն, ինչը հնարավորություն կտա ավելի հստակ վերլուծություններ և կանխատեսումներ կատարել ոլորտում:
ՁԻՀ-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի տեղեկացմամբ, արդեն 1 տարի գործում է ծրագրի փորձնական տարբերակը, 40 կազմակերպություններ սկսել են իրենց վիճակագրությունն հանձնել այդ եղանակով: Բ. Ենգիբարյանը նշեց նաև, որ ՄԶԳ Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում (CAPS) ծրագրի աջակցությամբ արդեն ստեղծվել է ICT Stat էլեկտրոնային միջավայրը: Նա վստահեցրեց, որ սա այն հիմնական գործիքը կլինի, որ էկոնոմիկայի նախարարությունը կկարողանա ոլորտի զարգացման վերաբերյալ կանխատեսումներ անել:
Նշվեց նաև, որ հուշագրի շրջանակներում կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ ՏՏ ոլորտի ընկերությունների կողմից ներկայացվող վիճակագրական հաշվետվությունների էլեկտրոնային հավաքագրումը կազմակերպելու համար: Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել` աջակցել նախարարությանը վարչական ռեգիստրի ձևավորման համար անհրաժեշտ ցուցանիշների շրջանակի նախանշման, ստացված տվյալների վերլուծության, ինչպես նաև մեթոդաբանության մշակման և ՏՏ ոլորտի առանձնահատկությունների բացահայտման նպատակով: