Ուսանողներին հանձնել են ավարտական դիպլոմներ ու հավաստագրեր
Սինոփսիս ընկերությունն այսօր հայտարարել է, որ Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի (ՍԱՈՒԴ) գործընկեր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և Երևանի պետական համալսարանի բակալավրիատի 54 և մագիստրատուրայի 68 շրջանավարտներ հաջողությամբ ավարտել են իրենց ուսումը և պատրաստ են անցնել մասնագիտական ճարտարագիտական աշխատանքի:
Ընկերության տեղակտվության համաձայն, Հայաստանում բարձր տեխնոլոգիաներն ազգային տնտեսության գերակա ճյուղ հայտարարելուց հետո ճարտարագիտական մասնագիտություններով որակյալ կրթության ապահովումը դարձել է գերակա խնդիր: Այս խնդրից ելնելով` Սինոփսիսը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) հետ 2004թ.-ին, Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հետ 2005թ.-ին և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի (ՀՌՀ) հետ 2007թ.-ին հիմնեց միկրոէլեկտրոնիկայի ճարտարագիտական կրթության ուսումնական ծրագրերը:
Սինոփսիսի նախագահ և գլխավոր օպերացիոն տնօրեն Չի-Ֆուն Չանը Սինոփսիսի ավարտական վկայականները, իսկ ՀՊՃՀ Ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը և ԵՊՀ Ռեկտոր, ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանն իրենց բուհերի դիպլոմներն են հանձնել այս տարվա բոլոր շրջանավարտներին: ՀՌՀ 15 ուսանողներ Սինոփսիսի ծրագրային գործիքների ուսուցման դասընթացը հաջողությամբ ավարտելու համար արժանացել են Սինոփսիսի հավաստագրերի:
Իրեն արդարացրած համալսարան-արտադրություն համագործակցության կրթական մոդելի հիմքով ՍԱՈՒԴ-ն ուսանողներ է կրթում, որոնք դառնալու են որակյալ մասնագետներ գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծման (VLSI) և էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) ոլորտներում և բավարարելու են ճարտարագիտական միջազգային բարձր չափանիշները: Ուսանողներին միջազգային որակի կրթություն տրամադրելու նպատակով ՍԱՈՒԴ-ն ուսանողնեդրին ապահովում է կրթության համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչներով` աշխարհի մի շարք երկրների անվանի համալսարանների կողմից հաստատված համապարփակ ուսումնական ծրագիր, Սինոփսիսի գերժամանակակից, արտարդրությունում առաջատար էլեկտրոնային նախագծման ավտոմատացման միջոցներ և ուսումնական նախագծման փաթեթ, բարձր որակավորում և փորձ ունեցող դասախոսական կազմ և ժամանակակից տեխնիկական ենթակառուցվածք ու միջավայր:
Բակալավրիատի ծրագրի առաջին տարիների ընթացքում ուսանողները մաթեմատիկայի, ֆիզիկայի և այլ տեսական առարկաների հիմնարար գիտելիքներ են ստանում իրենց բուհերի դեպարտամենտներում: Հիմնական կրթությունը ստանալուց հետո լավագույն ուսանողներն ընտրվում են Սինոփսիսի տեխնիկական մասնագետների և իրենց համալսարանների պրոֆեսորների կողմից ու ներգրավվում ՀՊՃՀ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոն, որը տեղակայված է Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտում: Բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ծրագրերով հետագա կրթությունն իրականացվում է VLSI նախագծման և EDA-ի համար հատուկ մշակված ուսումնական ծրագրերով:
Դասավանդումն իրականացվում է Սինոփսիսի կողմից տրամադրված հատուկ կահավորած լսարաններում, որտեղ յուրաքանչյուր ուսանող ցանցի միջոցով կարող է օգտվել EDA նախագծման նորագույն գործիքներից: Դասավանդումը, կուրսային աշխատանքների վարումը, մագիստրոսական թեզերն ու թեկնածուական ատենախոսություններն ուղղված են Հայաստանում Սինոփսիսի կողմից իրականացվող ճարտարագիտական ծրագրերին: Ծրագրերը պատրաստվում են ընկերության առաջատար մասնագետների և համալսարանի դասախոսների հետ: Կրթական ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո շրջանավարտները արտադրությունում աշխատելու պատրաստ մասնագետներ են և Սինոփսիսում ու Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ցանկացած այլ ընկերությունում աշխատանքի տեղավորվելու համապատասխան որակավորում ունեն:
Նշենք, որ այս մասնագետները Հայաստանում EDA արտադրական կլաստերի զարգացման կարևոր մաս են կազմում: