Չի-Ֆուն Չան՝ Հայաստանը կարող է դառնալ միկրոէլեկտրոնային տարածաշրջանային կենտրոն
Հայաստանում Սինոփսիսի շաբաթն ամենամյա ավանդական միջոցառում է դարձել և այս տարի այն անցկացվում է 4-րդ անգամ: Այս շաբաթվա ընթացքում հանրությանը ներկայացվելու են նախորդ տարվա բոլոր հաջողությունները և հաջորդ տարվա ծրագրերը:
Այսօր ՀՊՃՀ, ԵՊՀ, ՀՌՀ և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողների համար դասախոսոթյուն կարդալուց հետո Սինոփսիսի նախագահ և գլխավոր օպերացիոն տնօրեն դոկտ. Չի-Ֆուն Չանը և ընկերության ղեկավարները հանդիպեցին նաև լրագրողների հետ:
Սինոփսիսի նախագահ և գլխավոր օպերացիոն տնօրեն դոկտ. Չի-Ֆուն Չանը նախ անդրադարձավ ընկերության վերջին նվաճումների շարքում Վիրաժ Լոջիկի ձեռքբերմանը:
«Վիրաժ Լոջիկի ձեռքբերման արդյունքում Սինոփսիս Արմենիան դարձավ Սինոփսիսի՝ ԱՄՆ-ից դուրս գործող ամենամեծ գիտարտադրական կենտրոնը: Սինոփսիս Արմենիան իր ավելի քան 250 աշխատակիցներով այժմ կարող է ավելի նշանակալից ծագրեր իրականացնել և ավելի մեծ ազդեցություն ունենալ Հայաստանը միկրոէլեկտրոնային տարածաշրջանային կենտրոն դարձնելու գործում »,-ասաց Սինոփսիսի նախագահ և գլխավոր օպերացիոն տնօրեն դոկտ. Չի-Ֆուն Չանը:
Սինոփսիսի կորպորատիվ մարքետինգի գծով փոխնախագահ, Սինոփսիս Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը դրական գնահատելով համացանցի ներկա վիճակը խոսեց նաև խնդիրների մասին:
«Համացանցի վիճակը Հայաստանում զգալիորեն լավացել է: Սակայն Հայաստանում ստեղծած մտավոր կապիտալն այսօր մենք ամբողջությամբ արտահանում ենք, դրա համար մեզ անհրաժեշտ է Հայաստանից դուրս եկող լայնաշերտ ինտերնետի մատչելիություն: Սա դժվար գործընթաց է, պահանջում է համագործակցություն միջազային կազմակերպությունների մակարդակով: Այս խնդրի լուծումը մեզ համար այսօր առաջնային է»,- նշեց Սինոփսիս Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը:
Հետճգնաժամային ՏՀՏ ոլորտը գնահատելու հարցում Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը խորհուրդ տվեց նախ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն առանձնացնել ընդհանուր արդյունաբերության ոլորտից:
«Անցյալ տարի Հայաստանի արդունաբերությունն ունեցել է 14.9% անկում: Եվ միայն IT ոլորտն էր, որ ունեցավ 17% աճ: Այսինքն՝ եթե մենք խոսում ենք IT ոլորտի հետճգնաժամային զարգացումների մասին, ապա այո, մենք աճ ունենք:Սակայն լիարժեք տնտեսական աճի մասին խոսելը դեռ վաղ է »,- նշեց Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
Սինոփսիսն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 2004 թ-ին, ՀՀ կառնվարության կողմից տեղեկատվական տեխնոլոգիաները երկրի զարգացման գերակա ուղղություն հռչակելուց հետո:
Սինոփսիսը կիսահաղորդիչների էլեկրոնային ավտոմատացված նախագծման ոլորտի համաշխարհային առաջատարն է: Ընկերությունն էլեկտրոնիկայի գլոբալ շուկային տրամադրում է տեխնոլոգիական համակարգերի, կիսահաղորդիչների նախագծման և ստուգման հենքեր, ինտեգրալ սխեմաների արտադրության և արտադրողականության բարձրացման նորագույն լուծումներ, կիսահաղորդչային մտավոր սեփականություն և նախագծման ծառայություններ: