DigiTec Expo 2010 –ին այս տարի մասնակցելու են ՏՏ ոլորտի նորաստեղծ ընկերությունները
Վաղը Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրում կմեկնարկի DigiTec Expo 2010 6-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը:
Այս տարի Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկություների Միության և
ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում»/CAPS ծրագրի աջակցությամբ ցուցահանդեսին մասնակցելու է նաև ՏՀՏ ոլորտի 11 նորաստեղծ ընկերություն:
CAPS ծրագրի ՏՏ կլաստերի համակարգող Արմեն Աբրահամյանի խոսքով, այս տարի աջակցության համար իրենց կարող էին դիմել 2007 թվականի հոկտեմբերի մեկից հետո պետական գրանցում ստացած այն ընկերությունները, որոնց աշխատակազմը չի գերազանցում 15 հոգու շեմը:
«Աջակցություն ստանալու համար մեզ դիմել էր 14 ընկերություն, որոնցից ընտրել ենք 11-ին: Աջակցությունը տրամադրվել է ցուցահանդեսային տարածքի և գործարար ներկայացումների արժեքի համաֆինանսավորման տեսքով՝ մինչև 70% համաֆինանսավորվել է մասնակցի նշված ծախսերը: Օժանդակելու ենք նաև նյութերի պատրաստման և ներկայացան հարցում»,- նշեց CAPS ծրագրի ՏՏ կլաստերի համակարգող Արմեն Աբրահամյանը:
DigiTec Expo 2010 ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 29-31-ը: Ներկայացվող բաժիններն են՝ ՏՏ սարքավորումներ և համակարգեր, ՏՏ կիրառումները բիզնեսում, կրթությունը ՏՏ ոլորտում, էլեկտրոնային կառավարում, համակարգչային գրաֆիկա և մուլտիմեդիա, նորարարական լուծումներ, աշխատանքային շուկա, գրականություն, հեռահաղորդակցություն, բարձր տեխնոլոգիաներ:
Հիշեցնենք, որ անցյալ տարի DigiTec ցուցահանդեսին մասնակցեց ավելի քան 50 ընկերություն, և այցելեց 12 հազար մարդ: Այս տարի ակնկալվում է 60 ընկերության մասնակցություն և 15 հազար այցելություն: