«Expo-Russia Armenia- 2010» ցուցահանդեսը բացվեց
Հոկտեմբերի 28-ին Երևանում բացվեց «Expo-Russia Armenia- 2010» ցուցահանդեսը, որին հայկական մի շարք ընկերությունների հետ մասնակցում են Ռուսաստանի տասնութ տարածաշրջաններից ժամանած յոթ տասնյակից ավելի ռուսական ընկերություններ: Ցուցահանդեսի նպատակն է Հայաստանի և Ռուսաստանի միջև զարգացնել գիտատեխնիկական, մշակութային, առևտրատնտեսական փոխշահավետ համագործակցություն, խթանել համատեղ բիզնեսն ու ներդրումները:
«Expo-Russia Armenia- 2010»-ի բացմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, պաշտոնատար այլ անձինք եւ գործարարներ:
«2010թ.` ԱՊՀ-ում գիտության և նորարարությունների տարի» կարգախոսով անցկացվող ցուցահանդեսում Ս. Սարգսյանը շրջեց տաղավարներում, ծանոթացավ էներգետիկայի, այդ թվում` ատոմային էներգետիկայի, մեքենաշինության, տրանսպորտի, կապի և հեռահաղորդակցության, շինարարության, քիմիական արդյունաբերության և այլ ոլորտների նոր տեխնոլոգիաներին:
Ցուցահանդեսին ողջույնի ուղերձ էր հղել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որում մասնավորապես ասված էր.
«Ամենամյա ֆորումը կոչված է երկու երկրների գործարարների միջեւ ուղիղ կապեր հաստատելուն։ Նման միջոցառումները բնականոն են մեր երկրների դաշնակցային հարբերությունների համար, հարաբերություններ, որոնք բնորոշվում են որպես բոլոր ուղղություններով զարգացող։ Դրա վառ ապացույցն է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այս տարի կատարած պետական այցը Հայաստան, որը երկու երկրների հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ էր։ Այցի արդյունքերը ցույց տվեցին, որ երկու երկրները հաստատակամ են խորացնել բազմակողմ եւ փոխշահավետ հարաբերությունները»։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսքերով, 3-րդ անգամ հայ և ռուս գործարարների համատեղ ուժերով կազմակերպված ցուցահանդեսի արդյունքները նկատելի են: «Ռուսաստանը մեր ամնեախոշոր դաշնակիցն է և մեր յուրաքանչյուր քայլն այնպես պետք է կազմակերպենք, որ ավելի շատ լինեն բարեկամական, եղբայրական եւ գործարար հարաբերությունները»,- նկատեց Գ.Ծառուկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան