Ռուբեն Գալչյան. Ինչքան լռել ենք` բավական է… հասցնել արժանի հակահարված
«Այսօր ժամանակն արդեն եկել է. պետք է քաջություն ունենանք ու մենք մեզ պաշտպանենք, մեր գոյության 2500 տարվա ընթացքում թափած արյունը պաշտպանենք ու ապացուցենք բոլորին, որ մենք 2500 տարի բնակվել ու բնակվում ենք այս տարածքում: Հիմա ժամանակն է, որ բոլորս խոսենք, արտահայտվենք: Ինչքան լռել ենք` բավական է»,-«Հորինված պատմություն. Ադրբեջան և Հայաստան, կեղծիքներ ու փաստեր» գրքի ռուսերեն տարբերակի շնորհանդեսի ժամանակ նման կարծիք հայտնեց գրքի հեղինակ, Լոնդոնում Հայաստանի նախկին Պատվո հյուպատոս, «Armenian institute» կազմակերպության հոգաբարձու, քարտեզագետ, Հայաստանի հնագույն քարտեզների վերաբերյալ երեք աշխատությունների հեղինակ, ՀՀ ԳԱԱ պատվո դոկտոր Ռուբեն Գալչյանը:
Գրքի անգլերեն տարբերակը լույս է տեսել 2009-ին, որտեղ հղում է կատարված 130 գիտական աղբյուրների և փաստերի: Ռուսերեն հրատարակությունը բաղկացած է 212 էջից, պարունակում է 75 քարտեզ և պատկեր: Գրքի հեղինակի խոսքով, այն գրված է որպես պատասխան անցյալ 50 տարիների ադրբեջանական գիտական հրատարակություններում առկա հակահայ հերյուրանքների ու կեղծիքների, որոնք վերջին տարիների ընթացքում նավթային եկամուտից ստացված ներդրումներով արդեն հասել են ահռելի չափերի ու չափազանցությունների:
Գրքում ներկայացված է «Ադրբեջանի Հանրապետություն» կոչվող երկրի ծնունդը` 1918-ին, բերված են պատմական փաստեր, թե որն է Ադրբեջանը, որը` Աղվանքը և ինչ է իրենից ներկայացնում նրանց կապը: Ի հակակշիռ ադրբեջանական այն փաստերի, թե իբր հայերը Կովկասի տարածքում եկվորներ են, իսկ ադրբեջանցիները` բնիկներ, բերված են բազմաթիվ պատմիչների ու ճանապարհորդների փաստեր, վկայություններ, ինչպես նաև մեջբերումներ 18-19-րդ դարերի տեղաբնակ թուրք-թաթար պատմիչների ու պատմաբանների գրքերից:
«Արդեն 50-60 տարի է, ադրբեջանցիները աշխատում են քարտեզի երեսից վերացնել մեր անունը: Ադրբեջանական մամուլը և գիտական աշխատողները պետության ֆինանսավորմամբ բազմաթիվ հակահայ հոդվածներ, գիտական աշխատություններ են հրատարակում, որոնք անվճար բաժանում են դեսպանատներին, քաղաքականությամբ զբաղվող միջազգային ինստիտուներին, գրադարաններին: Պետք է այս ամեն ինչին հակակշիռ` ներկայացնենք մեր պատմությունը, ճշգրիտ պատմությունը, և այս գիրքը հենց դա էլ անում է»,-ասաց Ռուբեն Գալչյանը` հավելելով, որ հակառակ դեպքում մի քանի տարի անց գրադարան այցելող անտեղյակ ուսանողները գրապահարաններում կտեսնեն միայն ադրբեջանական կողմի ներկայացրածը, և դրանք քննադատող ու հակասող նյութերի բացակայության պատճառով այդ ամենը կընկալեն որպես իրականություն ու փաստ:
Գրքի հեղինակը նման` ադրբեջանցիների կողմից հրապարակած հակահայ բովանդակություն ունեցող 26-ից ավելի գիրք է հաշվել, որոնք սփռված են ամբողջ աշխարհում (հայերը Կովկասում եկվորներ են, ադրբեջանցիները` բնիկներ, հայերը մշակույթ չունեն, քրիստոնեական հուշարձանները աղվանական են ու թրքական-ադրբեջանական, հայերը ոչնչացնում են աղվանական հուշարձանները և այլն):
«Հին բոլոր քարտեզներում` հունական, արևելյան, իսլամական, Կովկասից հարավ պատկերվող երկրներից միայն երկուսն են, որ ավելի քան 2 հազարամյակ պահպանել են իրենց անվանումը և գոյությունը` Հայաստանը և Պարսկաստանը, իսկ Վրաստան անվանումը այդ տարածքի վրա երևում է 13-14-րդ դարերում, Թուրքիան` 14-րդ դարում, իսկ Ադրբեջանը` 1918 թվականից»,- նկատեց քարտեզագետը` ընդգծելով, որ հենց այս մասին պետք է իմանան աշխարհի բոլոր պատմաբանները, գիտնականները, այլապես «մենք մեր պատմության արժանի ժառանգորդները չենք լինի»:
Շնորհանդեսի ժամանակ նա մեջբերեց նախագահ Սերժ Սարգսյանի` Գորիսում սփյուռքահայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ արտահայտած այն միտքը, թե մենք չենք կարող անտարբեր մնալ Ադրբեջանի ֆաշիստական քարոզչախոսությանը:
Պրոֆեսորը հուսով է, որ նախագահի ելույթից հետո պետական մակարդակով հովանավորվող ադրբեջանական կեղծիքներն ու հերյուրանքները հայկական կողմից կստանան արժանի հակահարվածներ, այսինքն` հարկավոր է փոքր ծավալով, պատկերազարդ, ակադեմիական բացատրություններով, ճշգրիտ հղումներով գրքեր հրատարակել, որոնք կբացատրեն ժողովրդին, թե Կովկասում ինչ ժողովուրդներ են ապրել, երբվանից, … :
«Նման աշխատություններ են պետք: Ես սկսել եմ այդ քայլը ու հուսով եմ, որ կշարունակի»:
Տեսսանյութն այստեղ` http://www.youtube.com/watch?v=7pBE-gkpJ7o
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան