Ռիչ Գոլդման. «Հայաստանն ունի նախապայմաններ ՏՏ ոլորտի տարածաշրջանային կենտրոն դառնալու համար»
«Սինոփսիսի» շաբաթվա միջոցառումների ցանկն ընդգրկում է մի շարք կարևոր միջոցառումներ:
«Սինոփսիս Արմենիայի» տնօրեն Հովիկ Մուսայելյանի փոխանցմամբ՝ մեծ հետաքրքրություն է վայելում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի արժանացած ուսանողերի պարգևատրման արարողությունը:
Նշվեց, որ վաղը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կընդունի «Սինոփսիսի» նախագահ և գլխավոր օպերացիոն տնօրեն դոկտ. Չի-Ֆուն Չանին: Նախատեսվում է նաև Միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադայի հաղթողների ընդունելություն, ծառատունկ և մասնակցություն «ԱրմԹեք 10» և «ԴիջիԹեք10» ցուցահանդեսներին:
«Մեր ծրագրերն ու միջոցառումները բավականին շատ են և ամեն տարի դրանց թիվն ավելանում է: Հետևաբար հնարավոր է, որ ապագայում լինի ոչ թե «Սինոփսիսի» շաբաթ, այլ միամսյակ»,- նշեց Հովիկ Մուսայելյանը:
«Սինոփսիսի» կորպորատիվ մարքետինգի գծով փոխնախագահ, Սինոփսիս Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը տեղեկացրեց, որ ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես, շրջանավարտների մեծ մասը ՏՏ աշխատաշուկայում արդեն գտել է իր տեղը:
«Համլսարանական համագործակցության մեր ծրագրերի նախորդ շրջանավարտների 50%-ին ընդունում էինք աշխատանքի: Մյուս 50%-ը աշխատանքի առաջարկ էին ստանում ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններից: Այս տարվա շրջանավարտներին նույն հեռանկարն է սպասվում»,- ասաց Սինոփսիս Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը: Նա նաև կարծիք հայտնեց, որ Հայաստանն ունի նախապայմաններ ՏՏ ոլորտի տարածաշրջանային կենտրոն դառնալու համար:
Անդրադառնալով ներդրումային ծրագրերին Սինոփսիսի նախագահ և գլխավոր օպերացիոն տնօրեն դոկտ. Չի-Ֆուն Չանը նշեց, որ տարեկան Սինոփսիս ընկերությունը Հայաստանում կատարում է մոտ 10մլն դոլարի ներդրում, չհաշված համալսարաններում արած ներդրումները և նվիրաբերված գործիքակազմերի արժեքը:
«Ակնկալում ենք շարունակել նույն տեմպերով: Մենք նվիրված ենք Հայաստանին և շարունակելու ենք մեր ներդրումային ծրագրերը»,- տեղեկացրեց Չի-Ֆուն Չանը:
Գնահատելով Սինոփսիսի ներդրումային քաղաքականությունը Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանն ընդգծեց, որ իրականում նրանց ներդրումներն ավելի մեծ են:
«Սինոփսիսի միայն տեխնոլոգիական ներդրումները, Սինոփսիսի նոր մշակույթը Հայաստան բերելուն ուղղված ներդրումները հարյուրապատիկ ավել են անմիջական ներդրումներից: Վստահեցնում եմ, որ ծրագրային գործիքներն ավելի թանկ արժեն և ավելի կարևոր են: Նրանց շնորհիվ այսօր Հայաստանում «Սինոփսիսի» շուրջ 1000 աշխատող չի մտածում արտագաղթի մասին»,- նշեց պարոն Մուսայելյանը:
«Սինոփսիսի» շաբաթվա միջոցառումների գլխավոր գործընկերներից են Վիվա-Սել-ՄՏՍ ընկերությունը և ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում»/CAPS ծրագիրը, որն իրականացրել է հրատարակչական բոլոր աշխատանքները: