Մեկնարկեց «DigiTec Expo 2010»-ը
Այսօր Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրում մեկնարկեց DigiTec Expo 2010 6-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը: Ցուցահանդեսի պաշտոնական բացումն իրականացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Ավանդական դարձած այս ցուցահանդեսը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի ՏՏ ոլորտում: Մենք հետևողական ուշադրության կենտրոնում ենք պահում ընդհանրապես ՏՏ ոլորտի զարգացումը և առավելապես ուշադրություն ենք դարձնում ամենամյա այս ցուցահանդեսին»,-ասաց Տ. Սարգսյանը:
Կառավարության ղեկավարի խոսքով, Digitec-ը հնարավորություն է տալիս գնահատել անցած ուղին, համեմատություն անել, թե ինչ առաջընթաց կա նախորդ տարիների համեմատ, նաև բացառիկ հնարավորություն է մասնագետների համար հասկանալ, թե ինչ հեռանկարներ կան ու ինչ է պետք կառավարությունը:
Հեռահաղորդակցության ու ինֆորմացիոն տեխնոլոգիաների DigiTec Expo 2010 ամենամյա միջազգային 6-րդ ցուցահանդեսը կոչված է ընդլայնել ընկերությունների տարածաշրջանային մասնակցությունն ու տարածաշրջանում դառնալ ավելի խոշոր միջոցառում:
Ցուցահանդեսում ներկայացված են տեղեկատվական ու հեռահաղորդակցության միջոցների սարքավորումներ ու ծրագրեր, նրանց օգտագործումը ժամանակակից բիզնեսում, կներկայացվեն հեռահաղորդակցության տեղեկատվական միջոցների ստեղծումը, էլեկտրոնային կիրառումը, համակարգչային գրաֆիկներ ու մուլտիմեդիա, ինովացիոն որոշումներ: Եվս մեկ բաժին կնվիրվի տեղեկատվական ու հեռահաղորդակցության տեխնոլոգիաների շուկային:
Հիշեցնենք, որ անցյալ տարի DigiTec ցուցահանդեսին մասնակցեց ավելի քան 50 ընկերություն, և այցելեց 12 հազար մարդ: Այս տարի ակնկալվում է 60 ընկերության մասնակցություն և 15 հազար այցելություն: