Արմեն Ղարիբյան. Այս մրցանակն ինձ ավելի է պարտավորեցնում` ունենալ ներդրում ՀՀ ՏՏ ոլորտի զարգացման հարցում
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի հանձնման արարողության ժամանակ «Սինոփսիս Արմենիայի» տնօրեն Հովիկ Մուսայելյանը, կարևորելով միջոցառման անցկացումը, նշեց, որ ՏՏ բնագավառում մրցանակաբաշխության հիմնական նպատակն է բացահատել և խրախուսել տեխնիկական ուղղվածությամբ հայկական կրթական համալիրների լավագույն ուսանողներին և աշակերտներին:
«Այս տարիների ընթացքում մենք ունեցել շուրջ 115 հաղթող ուսանող և 40 աշակերտ: Նրանց մասնակցությամբ ձևավորվել է նաև հաղթողների ակումբ և նրանք պարբերաբար հանդիպում են ոլորտի առաջատար մասնագետների հետ: Սա բացառիկ մրցանակաբաշխություն է: Աշխարհի ոչ մի երկրում երկրի նախագահի կրթական պարգև ՏՏ ոլորտում ուսանողների և աշակերտների համար չկա»,- նշեց Հովիկ Մուսայելյանը:
Նշենք, որ նախագահի մրցանակին արժանացած 37 երիտասարդներից 25-ը տարբեր բուհերի ուսանողներ են, 12-ը՝ ավագ դպրոցի աշակերտներ :
Լավագույն ասպիրանտ անվանակարգում առաջին կարգի մրցանակի արժանացան ՀՊՃՀ ուսանող Վահրամ Ահարոնյանը, ԵՊՀ-ից Գևորգ Գևորգյանը և ՌՀՀ-ից Բելլա Բաբայանը:
Լավագույն մագիստրանտ անվանակարգում առաջին կարգի մրցանակի արժանացան ԵՊՀ-ից Արմեն Դուրգարյանը, ՌՀՀ-ից Էդուարդ Փիլիպոսյանը և ԵՐԻԿՏԱ-ից Սուսաննա Քալանթարյանը:
Լավագույն բակալավր անվանակարգում առաջին կարգի մրցանակի արժանացան
ՀՊՃՀ-ի ուսնողուհի Նազելի Մելիքյանը, ԵՊՀ ուսանող Ներսես Խաչատրյանը, ԵՐԻԿՏԱ-ի ուսանողուհի Անահիտ Սերոբյանը և ՌՀՀ ուսանող Հայկ Սարիբեկյանը:
Լավագույն սփյուռքահայ ուսանող անվանակարգում առաջին կարգի մրցանակին արժանացավ ՀԱՀ ուսանող Արամ Քեռյանը:
Լավագույն ուսանողուհի ճանաչվեց ԵՊՀ-ի ուսանողուհի Դիանա Անտոնոսյանը:
Իսկ գրան-պրի մրցանակը հանձնվեց ՀՊՃՀ ասպիրանտ Արմեն Ղարիբյանին:
Մրցանակը ստանալուց հետո նա խոստովանեց, որ ամեն անգամ նմանատիպ մրցանակաբաշխությունների ժամանակ հույսը դնում է նախ աստծո, ապա իր գիտելիքների վրա:
«Արդեն 6 տարի աշխատում եմ այս ոլորտում և սա իմ 3-րդ մրցանակն է: Առաջին մրցանակը ստացել էի լավագույն բակալավր անվանակարգում, երկրորդը՝ լավավույն մագիստրոս: Այսօր արժանացա գրան-պրիին: Այս մրցանակն ինձ ավելի է պարտավորեցնում, որպեսզի ես իմ ներդրումն ունենամ ՀՀ ՏՏ ոլորտի զարգացման հարցում»,- նշեց Արմեն Ղարիբյանը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հաջողություն արձանագրած ուսանողները և աշակերտները, վկայագրի և դրամական պարգևի հետ միասին, ստացան նաև ՏՏ արդյունաբերությունը խորհրդանշող արձանիկ: