ՀՀ նախագահ. «Ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի համար ամենաանհրաժեշտ կապիտալը` միտքն ու տաղանդը»
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 2010թ. Հանրապետության Նախագահի կրթական պարգևների արժանացած ուսանողներին ու աշակերտներին, ովքեր տարբեր անվանակարգերում ստացել են պարգևներ: Պարգևատրված 37 երիտասարդներից 25-ը տարբեր բուհերի ուսանող են, 12-ը՝ ավագ դպրոցի աշակերտ:
Նախագահ Սերժ Սարգսյանը իր ողջույնի խոսքում նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների դերը ժամանակակից աշխարհում իսկապես շատ մեծ է: Նրա խոսքով՝ պատահական չէ , որ դրանց զարգացումն ու ներմուծումն աշխատանքում և անգամ առօրյայում շատերը համեմատում են այն հեղափոխության հետ, որը ժամանակին տեղի ունեցավ գրատպության հայտնագործմամբ ու տարածմամբ:
«Շուտով մենք տոնելու ենք հայ գրատպության 500-ամյակը: Մոտ և հեռու բազմաթիվ մեր հարևաններին զիջելով քանակով, տարածքով ու պաշարներով` մենք երբեք և ոչ մեկին չենք չիջել մեր առաջադիմությամբ և գրագիտությամբ: Հետևաբար, մենք մեր պատմությամբ ամրագրված պատգամ ունենք, որին պետք է հետևենք և բաց ճակատով փոխանցենք հաջորդ սերունդներին»,- նշեց Սերժ Սարգսյանը:
Իր ելույթի ընթացքում ՀՀ նախագահն անդրադարձավ դպրոցների համակարգչային հագեցվածության բարձրացմանն ուղղված աշխատանքներին:
«2004-2009 թվականների ընթացքում համակարգչային սարքավորումներ են տրամադրվել Հայաստանի 1153 դպրոցներին: Ներկայում աշակերտ-համակրագիչ միջին հարաբերակցությունը հանրակրթական ուսումնական հաստատությունների համար 1/30 է, 2003 թվականին 1/400-ի համեմատ: Այնուամենայնիվ, չնայած այս առաջընթացին մեր դպրոցների համակարգչային հագեցվածությունը դեռ գոհացուցիչ չէ: Սա գիտակցելով է, որ մենք սկսում ենք դպրոցների համակարգչային հագեցվածության բարձրացման առաջնահերթ ծրագիրը: Դրա հիմնական նպատակն է արդիականացնել մեր կրթության համակարգը, ինչպես նաև ընդլայնել ուսուցիչների, աշակերտների և ծնողների միջև հաղորդակցության և բաց էլեկտրոնային շփումների հնարավորությունները: Ընդ որում այս նորամուծությունները չեն կենտրոնանալու մայրաքաղաքում և հասու են լինելու անգամ հեռավոր համայնքներում»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Ծրագիրն իրականացվելու է 2010 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, և դպրոցներին տրամադրվելու են վերջին սերնդի բաձրորակ համակարգչային սարքավորումներ: Նախագահն ընդգծեց, որ կարճաժամկետ այս ծրագրի նպատակն է մինչև տարեվերջ Հայաստանում աշակերտ-համակարգիչ միջին հարաբերակցությունը բարձրացնել մինչև 1/25-ի` ներկայիս 1/30-ի փոխարեն, իսկ երկարաժամկետ կտրվածքով մոտենալ զարգացած երկրների ցուցանիշներին:
Շնորհավորելով ներկա մրցանակակիրներին, նախագահ Սերժ Սարգսյանը մաղթեց, որ այս մրցանակը դառնա նրանց ապագա վերելքի սկիզբը:
«Մենք կգտնենք միջոցներ և ուղիներ, ձեր ուսումն ու աշխատանքնայս ոլորտում խրախուսելու համար: Այսօր, ի դեմս ձեզ, ևս մեկ անգամ կոչ եմ անում մեր երիտասարդներին` իրենց ապագան կառուցել գիտելիքով ու ստեղծագործելու հմտությամբ: Կրկին ուզում եմ շեշտել, որ մենք ինքնուրույն վառ ձեռներեց անհատականությունների ժողովուրդ ենք, դրա շնորհիվ ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի համար ամենաանհրաժեշտ կապիտալը` միտքն ու տաղանդը: Դրանց դիմաց անզոր են և՜ կապիտալը, և՜ պետական սահմանները, և՜ մեծաքանակ բանակները»,- ասաց Սերժ Սարգսյանը: