Տիգրան Սարգսյան. ՏՏ-ի ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր բացվեց «DigiTec Expo-2010» 6-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը, որին մասնակցում են վեց տասնյակից ավելի միջազգային եւ տեղական ընկերություններ, այդ թվում` գերմանական «Կրոնե», սինգապուրյան «Singapore Technologies Kinetics», ռուսաստանյան «Samara State Aerospace University», «Դ-Լինկ» ընկերությունները:
Ինչպես ցուցահանդեսի բացմանը նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ավանդական դարձած այս ցուցահանդեսը իր մեծ կարևոր տեղն է զբաղեցնում Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Նրա խոսքերով, կառավարությունը ուշադրության կենտրոնում է պահում ընդհանրապես ՏՏ-ի զարգացման ոլորտը և առավելապես ուշադրություն է դարձնում DigiTec-ի ամենամյա ցուցահանդեսներին, քանի որ մի կողմից սա հնարավորություն է տալիս ամփոփել անցած ուղին, համեմատություններ անել, թե նախորդ տարվա հետ ինչ առաջընթաց կա, ինչ խնդիրներ կան ոլորտում: Բացի դրանից, սա բացառիկ հնարավորություն է պրոֆեսիոնալ մասնակիցների հետ միասին տեսնելու, թե ինչ հեռանկարներ կան և ինչ անելիքներ ունի կառավարությունն այս ոլորտում:
«Կառավարության գործողությունները հանդիսանում են լուրջ խթան ՏՏ ոլորտում: Առանց տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ընդհանուր տնտեսական համակարգի արդյունավետությունը հնարավոր չէ տեսնել: 21-րդ դարում աքսիոմատիկ պնդում է, որ ցանկացած ոլորտ ՏՏ-ը մխրճվել են և ցանկացած ոլորտում ապահովում են արդյունավետության կտրուկ աճ»,- նշեց վարչապետը` հավելելով, որ այս առումով ՏՏ կրթական համակարգի անբաժանելի մաս պետք է լինի:
Վարչապետ Տ.Սարգսյանը կարևորելով մի շարք միջազգային ընկերությունների, մասնավորապես «Դ-Լինկ»- ի ներկայությունը DigiTec-ում, որը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանը հանդիսանում է «Դ-Լինկ» ընկերության տարածաշրջանային կենտրոն: Ըստ նրա, նման ընկերությունների առակայությունը Հայաստանում ավելի մեծ ներուժ է իր մեջ պարունակում, և ստեղծում է նոր հնարավորություններ ՏՏ-ի զարգացման համար:
«Դ-Լինք» ընկերության տարածաշրջանային տնօրեն Վլադիմիր Լիպինգի գնահատմամբ, վերջին տարիներին Հայաստանը ՏՏ ոլորտում հասել է տպավորիչ հաջողությունների, իսկ նման ցուցահադեսները, ըստ նրա, ոլորտի հետագա զարգացման համար լրացուցիչ խթան են տալիս: «Սա նպաստող գործոն է, որ «Դ-Լինքը» ներդրումներ կատարի Հայաստանում: Մեր տվյալներով, Հայաստանի ՏՏ ոլորտի շրջանառությունը առաջիկա տարիներին կավելանա 4-5 անգամով, իսկ այս հարցում մենք պատրաստ են օգնել Հայաստանին»,- նշեց Վ.Լիպինգը: