Ադրբեջան. Սկանդալ ուղիղ եթերում
Օրերս Ադրբեջանի հանրային հեռուստատեսությամբ կազմակերպված նախընտրական բանավեճի ժամանակ «Ժողճակատ-Մուսավաթ» ընդդիմադիր բլոկից թիվ 33 Խաթաիի ընտրատարածքի միակ թեկնածու, Ժողճակատ կուսակցության փոխնախագահ Ֆուադ Գահրամանլի և իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության թեկնածու Հուսեյնբալա Միրալամովի միջև միջադեպ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է «Ազադլիգ» պարբերականը:
Ֆ.Գահրամանլին ընդդիմացել է հեռուստատեսություններում Ժողճակատի նախագահ Ալի Քերիմլիի հասցեին իշխանական օղակների կողմից հաճախակի հնչեցվող ստորացուցիչ արտահայտությունների առթիվ և հայտարարել, որ դրանք որակվում են որպես ադրբեջանական ժողովրդին ուղղված վիրավորանք: Նա դատապարտել է նաև նման մարդկանց խրախուսողներին ու առաջադրողներին:
Դրան ի պատասխան` Հ.Միրալամովը վիրավորանքներ է տեղացել Ֆ.Գահրամանլիի հասցեին: Վերջինս էլ իր պատասխանում հայտարարել է, որ իշխող կուսակցության այդ թեկնածուն և նրա ներկայացրած կուսակցությունը գողացել են ադրբեջանական ժողովրդի ունեցվածքը: Արդյունքում Ադրբեջանի հանրային հեռուստատեսության անվտանգության ծառայության աշխատակիցը տաղավարից հեռացրել է ընդդիմադիր թեկնածուին: Սակայն Ֆ.Գահրամանլին հասցրել է ուղիղ եթերում հայտարարել, որ իր և իր կուսակցության հասցեին հնչած վիրավորանքները համապատասխանում է իշխանության ընդհանուր բարոյական նկարագրին:
Թերթի հետ զրույցում Ֆ.Գահրամանլըն հայտնել է, որ իշխող կուսակցության մրցակիցն իր հասցեին վիրավորանքներ է տեղացրել` անելանելի վիճակից դրդված: «Ընտրողների և ժողովրդի առաջ վատ վիճակում հայտնված Հուսեյնբալա Միրալամովը դիմել է վիրավորանքների օգնությանը: Դա ցույց է տալիս, որ իշխանությունը ներկայացնող անձինք չեն կարող նորմալ, քաղաքակիրթ բանավեճ անցկացնել: Իշխանության հասցեին իմ հնչեցրած մեղադրանքներին ի պատասխան` իշխող կուսակցության թեկնածուն ընտրեց խառնակչություն ստեղծելու ճանապարհը»,- ասել է Ժողճակատի փոխնախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան