Իրանի անվտանգության աշխատակիցները ադրբեջանցի մարմնավաճառների հանցավոր խումբ են բացահայտել
Իրանի սահմանապահ ծառայության աշխատակիցները Ասթարայում բացահայտել և ձերբակալել են Ադրբեջանի Հանրապետության 3 քաղաքացու:
Այդ մասին հայտնում է իրանական «թաբնաք.իռ» կայքը:
Ասթարայի սահմանային գնդի հրամանատար Մեհդի Շահիդին տեղեկացրել է, որ ձերբակալվածները Իրանի տարածքում զբաղվել են մարմնավաճառությամբ և նրանցից մեկը, ով ունեցել է և Ադրբեջանի և Իրանի անձնագիր և ամուսնացած է եղել իրանցու հետ, պարբերաբար Իրան է բերել ադրբեջանցի մարմնավաճառների:
Իրանցի ոստիկանները ադրբեջանցի մարմնավաճառներին պատկանող հասարակաց տանը հայտնաբերել են թմրադեղեր, ալկոհոլային խմիչքներ, ձայնասկավառակներ:
Հիշեցնենք, որ օրերս իրանական «ասրիրան.քոմ» կայքի փոխանցմամբ` Իրանի ոստիկանության սահմանապահ ծառայության հրամանատարի տեղակալ, գեներալ Յաղուբ Ռեզա Զադեն հայտարարել էր, որ Իրանն Ադրբեջանի հետ ունեցած սահմանային ուղեկալների վերազինմանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում:
Իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության փոխանցմամբ էլ` վերջերս Իրանի ոստիկանական ուժերի հրամանատար, գեներալ Ահմադի Մողադամը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ ունեցած սահմանային հարցերում Իրանին անհանգստացնող խնդիրն այն է, որ Ադրբեջանի Հանրապետությունը կարող է վերածվել Աֆղանստանից ապօրինի թմրամիջոցների տարանցման ճանապարհի: