Սկանդալային նորություն ադրբեջանցի գեներալ Ռզաևի սպանության գործում
Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար, ռազմաօդային ուժերի և օդային պաշտպանության զորքերի նախկին հրամանատար Ռայիլ Ռզաևի սպանության առնչությամբ, նրա օգնական Այդին Ռաֆիևը դատարանում հայտարարել է, որ գեներալի ընտանիքի անդամներն ու պաշտպանության նախարարության ղեկավարությունը գիտեն սպանության պատվիրատուի ով լինելը:
Իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրը «Ենի Մուսավաթ»-ին հայտնել է, որ գեներալի օգնականը ծանր հանցագործությունների գծով զինվորական դատարանի փակ նիստում ունեցած իր ելույթում ակնարկել է ՊՆ կողմից 2007 թ. «Միգ-29» ռազմական ինքնաթիռներ գնելու վերաբերյալ հայտնի հայտամրցույթին փոխնախարարի զոհ գնալու մասին:
Դատալսման ժամանակ վերջին խոսքի ելույթով հանդես են եկել Ռ.Ռզաևի թիկնապահ Անար Հաշիմովը, օգնական Այդին Ռաֆիևը և նրա որդին` Անար Ռաֆիևը: Այդին Ռաֆիևն իր վերջին խոսքում ասել է, որ գեներալի սպանության մեջ իրենք մասնակից չեն, և ակնարկել, որ սպանության պատվիրատուի ով լինելը հայտնի է գեներալի ընտանիքի անդամներին և Ադրբեջանի ՊՆ ղեկավարությանը:
Նա պատմել է, որ սպանութունից երկու շաբաթ առաջ գեներալին տեղափոխող ավտոմեքենան Բաքվի կենտրոնում գնդակոծվել է, և գեներալն այն ժամանակ չի զոհվել միայն պատահականության արդյունքում, ինչի մասին տեղեկացված իրավապահ մարմինները վերջինիս ասել են, որ հետաքննությունը կտանեն ոչ պաշտոնական ճանապարհով:
«Գեներալը ՊՆ ղեկավարությանը գրավոր տեղեկացրել է, որ իրեն հետևում են: Դրանից հետո նրան ավելի բացահայտ են սկսել հետևել, ինչը նրան խիստ նյարդայնացրել է: Նա ՊՆ ղեկավարությունից պահանջել է շտապ միջոցներ ձեռնարկել իր անվտանգությունը ապահովելու համար և սպառնացել, որ հակառակ դեպքում երևան կբերի «Միգ-29» ինքնաթիռների գնման վերաբերյալ հայտամրցույթի հետ կապված իր ունեցած տեղեկությունները, որը պահում է արտասահմանյան բանկերից մեկի պահոցում»,- դատարանում հայտնել է գեներալի օգնականը:
Նշենք, որ 2007 թ. հայտարարված հայտամրցույթում, որի հաղթողը Ուկրաինան է եղել, Ադրբեջանի ՊՆ-ն հատը 27 մլն դոլար արժողությամբ օգտագործված 12 «Միգ-29» ինքնաթիռ է գնել: Հետագայում մամուլում տեղեկություններ են տարածվել այդ օգտագործված ինքնաթիռների գներն ուռճացված լինելու մասին: Հայտնի է դարձել, որ ինքնաթիռները գնելու համար Ուկրաինա է ուղարկվել օդուժերի` Գալա ավանում գտնվող զորամասի հրամանատար, գեներալ Ռզաևի մերձավոր Ֆաիգ Մեմմեդովը, ով այդ աղմուկից հետո պատժվել է: ՊՆ ղեկավարության հանձնարարությամբ նրա զինվորական աստիճանը գնդապետ-լեյտենանտից իջեցվել է մայորի: Հետաքրքիրն այն է, որ գեներալ Ռզաևի սպանությունից հետո Ֆ.Մեմմեդովի պաշտոնը բարձրացվել է: Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հրամանով` Ֆ.Մեմմեդովը նշանակվել է ՊՆ ավիացիոն անվտանգության ծառայության պետ: Գեներալ Ռզաևի` այդ աղմկահարույց ինքնաթիռային գործարքի հետ կապված կոմպրոմատներն էլ մինչ օրս չեն երևացել:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան