Նյարդաբան. «Ցրված սկլերոզ» հիվանդության դեպքերը երիտասարդների մոտ աճել են
Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, նյարդային ու սիրտ-անոթային հիվանդությունների աճի ու երիտասարդացման միտում է նկատվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մայրաքաղաքի գլխավոր նյարդաբան, Առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր Էմիլիա Գևորգյանը:
Մասնագետի հավաստմամբ, վերջին շրջանում ավելի շատ է խոսվում ցրված սկլերոզ նյարդային հիվանդության մասին: Այս հիվանդությունն ավելի շատ հանդիպում է երիտասարդների մետ: «Այս հիվանդությունները նաև երիտասարդացման միտում են դրսևորում, ինչը կապում ենք սոցիալ-տնտեսական բարդ պայմանների հետ։ Մի կողմից այսօր երիտասարդներն ավելի մեծ հեռանկարներ ունեն, քան 30-40 տարի առաջ էր, իսկ մյուս կողմից էլ կյանքը նրանց համար շատ է բարդացել»,-ասաց Երևանի գլխավոր նյարդաբանը։
Նա նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում կտրուկ աճել է ցրված սկլերոզով տառապողների թիվը։ Մասնավորապես, վերջին 20 տարիներին այս հիվանդության տարածվածությունն աճել է 20-30 անգամ։ Է. Գևորգյանը նկատեց, որ այն շփոթում են սկլերոզի հետ, սակայն այս հիվանդություններն իրար հետ կապ չունեն: Այս հիվանդության առաջացման պատճառները դեռևս հայտնի չեն, սակայն ԱՄՆ-ի գիտնականներից մեկի թեզի համաձայն, այն վիրուսային ինֆեկցիա են համարում: Բայց մասնագետը նկատեց, որ դա միայն թեզ է: Ցրված սկլերոզը, ըստ նրա, հիմնականում հանդիպում է մինչև 30 տարեկան երիտասարդների մոտ, անբուժելի հիվանդություն է:
Առաջին ախտանիշերն այնքան էլ պարզ չեն լինում ու յուրաքանչյուր հիվանդի մոտ յուրովի են արտահայտվում։ «Ընդհանուր բնորոշում չկա, մի մարդ զգում է, որ սկսել է մի քիչ վատ քայլել, մեկը լսողության խնդիրներ է ունենում, մյուսի ձեռքն է դողում։ Եվ այսպես կարող է շղթան շարունակվել»,-ասաց Է. Գևորգյանը:
Վերջում, մասնագետը նկատեց, որ այս հիվանդները երկար են ապրում, սակայն հարկավոր է լավ ու հետևողական բուժում, որ հիվանդը հաշմանդամ չդառնա: