ԵՊՀ-ում բացվելու է հանրային ծառայողների վերապատրաստման կենտրոն
Վաղը Երևանի պետական համալսարանում տեղի կունենա ԵՊՀ հանրային ծառայողների վերապատրաստման կենտրոնի բացման արարողությունը:
ԵՊՀ հանրային ծառայողների վերապատրաստման կենտրոնը հիմնադրվել է համալսարանի կողմից` Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի հետ համագործակցությամբ, Եվրոպական միության ֆինանսավորմամբ` TEMPUS ECESIS ծրագրի շրջանակներում: Կենտրոնի նպատակն է նպաստել ՀՀ քաղաքացիական, համայնքային և պետական ծառայողների վերապատրաստման համակարգերում ՀՀ Կառավարության և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից անցկացվող բարեփոխումների իրականացմանը:
Ծրագրային միջոցառումների շրջանակներում վարչական աշխատակիցների 10 հոգանոց հայաստանյան մեկնարկային խումբը հաջողությամբ վերապատրաստվել է ԵՄ գործընկեր համալսարաններում, որից հետո հաղորդակից է եղել Կոբլենցի, Վալլադոլիդի, Լյուբլինի և Կոզիցեի համալսարանների վարչարարական փորձին` ձեռք բերելով վարչարարական գործընթացի ապահովման համար և քաղաքացիների հետ հաղորդակցության մեջ նորագույն տեխնոլոգիաների կիրառության փորձառություն:
Բացմանը ներկա կլինեն ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը, ԵԳՊԱ ռեկտոր Արամ Իսաբեկյանը, TEMPUS ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, Կոբլենց-Լանդաու համալսարանից` TEMPUS ECESIS ծրագրի համակարգող Սերգեյ Չեռնիշենկոն և ծրագրի շրջանակներում այլ երկրներում ստեղծված համանման վերապատրաստման կենտրոնների հրավիրված տնօրենները:
TEMPUS ECESIS ծրագրի ամբողջական նպատակն է ուսուցման կենտրոնների ցանց ձևավորել Ուկրաինայի, Ռուսաստանի, Հայաստանի և Մոլդովայի հանրային ծառայողների վերապատրաստման համար: