Ադրբեջանի նախընտրական քարոզարշավի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի երկրորդ զեկույցը իր բացասական կողմերով չի զիջում առաջինին
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է իր երկրորդ միջանկյալ զեկույցը Ադրբեջանում նախընտրական քարոզարշավի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Թուրան գործակալությունը:
Առաքելությունը անհիմն է համարում մի շարք թեկնածուների գրանցման մերժումը ստորագրությունների կեղծ լինելու պատճառաբանությամբ և ավելի մանրամասն դրանք զննելու անհրաժեշտության հիմունքներով:
Զեկույցում մասնավորապես նշված է, որ առաքելությունը ստացել է ստույգ տեղեկություններ ընտրողների վրա ճնշումներ գործադրելու, վախեցնելու վերաբերյալ, թեկնածուների օգտին տրված իրենց ստորագրությունների հետ կանչման նպատակով: Առկա են եղել նաև ուղղակի ճնշումներ ինչպես թեկնածուների, այնպես էլ նրանց ներկայացուցիչների և բարեկամների վրա:
Զեկույցում նշված է նաև, որ ոստիկանության կողմից խոչընդոտներ են ստեղծվել որոշ ընդդիմադիր թեկնածուների քարոզարշավն իրականացնելու համար: Տեղի լրատվամիջոցները լայնորեն լուսաբանում են իշխանությունների գործունեությունը, իսկ ընդդիմության գործունեության մասին տեղեկությունները բավականին սահմանափակ են:
Աղբյուրի փոխանցմամբ, Բաքվի վճռաբեկ դատարանը քննելով 50-ից ավելի բողոքներ` մերժել է բոլորը: Գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից ընտրողների վրա ճնշումները կասկածի տակ է դնում ընտրական հանձնաժողովների անկախության կանխավարկածը: Բացի այդ ընդդիմության բազմաթիվ թեկնածուներ այդպես էլ չեն գրանցվել ԿԸՀ-ի կողմից:
Զեկույցի ազատ հավաքներ անցկացնելու վերաբերյալ հատվածում նշված է, որ Իշխանությունները չեն բավարարել ընդդիմադիրների կողմից իրենց ընտրողների հետ բացօթյա հանդիպումներ անցկացնելու համար վայրեր հատկացնելու պահանջը: Իշխանությունները չեն արտոնել հոկտեմբերի 17-ի ընդդիմության միակ դաշինքի հանրահավաքը:
«Ազ ՏՎ» հեռուստաընկերությամբ տեսանյութերում իշխանությունների գործունեությունը ներկայացվում է միայն դրական, իսկ ընդդիմության գործունեությունը` միայն բացասական լույսի ներքո: Ընդ որում, ընդդիմության առաջնորդները ներկայացվում են որպես ազգային դավաճաններ, որոնք պատրաստ են զիջել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին: