Հովիկ Մուսայելյան՝ «Դեկլարատիվ հայտարարություններից կառավարությունը պետք է անցնի լուրջ քայլերի»
Արդեն 10-ը տարի Հայաստանում ՏՏ ոլորտը հռչակված է գերակա ուղղություն: Սակայն ոլորտում լուրջ առաջընթաց դեռևս չի գրանցվել, ավելին մի շարք ցուցանիշների առումով Հայաստանն անգամ ետ է մնում հարևան երկրներից: Այա կարծիքին են Հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանը և «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ եւ Ի-Վի Քոնսալթինգ խորհրդատվական ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը:
Հովիկ Մուսայելյանի կարծիքով, որպեսզի կառավարությունը դեկլարատիվ հայտարարություններից անցնի քայլերի, պետք է լուրջ արտոնություններ տրամադրի ոլորտին: Պետք է արվեն օրենսդրական լուրջ փոփոխություններ, ինչն արդեն անում են մեր հարևան երկրները:
«Սա է խնդիրը, ուրիշ ոչ մի գաղտնիք չկա: Երբ Հայաստանն ավանդույթներ ուներ միկրոէլեկտրոնիկայի ոլորտում խորհրդային տարիներին, այդ ժամանակ Թուրքիայում ընդհանրապես ոլորտի մասին խոսք լինել չէր կարող: Բայց նրանք 0-ական դրույքաչափերով հարկային արտոնություններ տրամադրեցին այն բրենդային ընկերություններին, որոնք կմտնեն Թուրքիա: Եվ անմիջապես Մայքրոսոֆթը 4 մրդ դոլարի ներդրում արեց այնտեղ: Ես չեմ կարողանում հասկանալ, ինչու՞ Հայաստանում արտոնություններ չեն տրվում նման ընկերություններին: Մենք առաջընթաց ունենք, աշխատանք արվում է, բայց արդյունքները համադրելի չեն այն արդյունքների հետ, որն ունեն մեր հարևանները»,- նշեց Հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանը:
«Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ եւ Ի-Վի Քոնսալթինգ խորհրդատվական ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանի կարծիքով, խնդիրը հիմնականում կապված է տնտեսական մոդելի հետ:
«Այսօր մեր տնտեսական մոդելը ձևավորվել է հիմնականում այնպիսի մարդկանց և բիզնես խմբերի կողմից, որոնց մտածելակերպը հիմնականում վերաբաշխման մոդելով է ձևակերպվել: Նմանատիպ զարգացումներ իրականացնելու համար անհրաժեշտ է այնպիսի մտածելակերպային մոդել, որի հիմքում նոր արժեքի ստեղծումն է դրված: Եվ դա ենթադրում է գլոբալ միտումների խորը իմացություն և դրանց համահունչ տնտեսական քաղաքականության իրականացում»,- ասաց Մանուկ Հերգնյանը:
Ոլորտի հիմնական ձեռքբերումներից և հաջողություններից բանախոսները նշեցին բջջային բաժանորդների քանակի ավելացումը, Ինկուբատոր հիմնադրամի ստեղծումը և Գյումրիի տեխնոպարկի կառուցումը: