ՏՏ ոլորտում ցանցային պատրաստվածության ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 101-րդ հորիզոնականը
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ եւ Ի-Վի Քոնսալթինգ խորհրդատվական ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը խոսելով ՏՏ ոլորտում ցանցային պատրաստվածության մասին, ներկայացրեց Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակվող ցանցային պատրաստվածության համաթվի տվյալները: Համաձայն այդ տվյալների՝ Հայաստանը 133 երկրների շրջանում զբաղեցնում է 101-րդ տեղը: Ադրբեջանը ցանցային պատրաստվածությամբ 64-րդն է, Ղազախստանը՝ 68-րդը , Ռուսաստանը 80-րդը, Ուկրաինան 82-րդը , Վրաստանը 93-րդը:
«Թեպետ այս տարի արձանագրել են բավականին լուրջ առաջընթաց, բայց տարածաշրջանային առումով 101-րդ տեղը լավագույնը չի: Մենք իսկապես որոշակիորեն հետ մնալու եզրին ենք տարածաշրջանային մրցապայքարում հաղորդակցական տեխնոլոգիաներ օգտագործելու տեսանկյունից»,- նշեց “Տնտեսություն եւ արժեքներ” հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը:
Բանախոսն անդրադարավ նաև պատպաստվածության և օգտագործման բաղադրիչներին: Հայաստանն այս առումով զբաղեցնում է համապատասխանաբար 91-րդ և 105-րդ հորիզոնականները:
Մանուկ Հերգնյանի փոխանցմամբ՝ անհատների պատրաստվածության բաղադրիչով Հայաստանը 52-րդ տեղում է, բիզնեսի պատրաստվածության տեսանկյունից` 120-րդը, կառավարության պատրաստվածության տեսանկյունից` 111-րդը:
«Սա նշանակում է, որ մեր անհատները շատ ավելի պատրաստ են տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներից օգտվելու, քան բիզնեսը և կառավարությունը: Սա կարող է թեև պարադոկսալ թվալ, բայց խնդիրը նրանում է, որ բիզնեսի կողմից տեխնոլոգիաների օգտագորումը ավելի ծախսատար է, քան անհատների կողմից: Միևնույն ժամանակ սա չի արդարացնում այն պատկերը, որն ունենք այսօր»,-նշեց պարոն Հերգնյանը: