Ադրբեջանական ընտրական տեխնոլոգիաներ. Թեկնածուն ճնշված, որդին` պատանդ
Ադրբեջանի Միրգուրբանլի գյուղում նախընտրական հանդիպման ժամանակ ընդդիմության թեկնածուի ձերբակալված որդուն ոստիկանները դեռ ազատ չեն արձակել:
Այս մասին հաղորդում է Թուրան գործակալությունը:
Ժողովրդավարության աջակցության հասարակական միավորում կազմակերպության ղեկավար Էմիլ Մամեդովի փոխանցմամբ, թեկնածուի որդուն ազատ չեն արձակում` պահանջելով ոստիկանության բաժին ներկայանալ վերջինիս հորը` ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչ Հուսեյն Ֆարաջևին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Միրգուրբանլի գյուղում ընդդիմադիր «Մուսավաթ-ԱՃԿ» դաշինքի ներկայացուցիչ Հուսեյն Ֆարաջևի և ընտրողների հետ հանդիպումն անցել է ոստիկանների կողմից արգելքներով, ծայրահեղ գործողություններ հրահրելով, ինչն ավարտվել է ձերբակալություններով: Այդ թվում ձերբակալվել է թեկնածուի որդին:
Ընդդիմադիր թեկնածուի հետ հանդիպմանը ներկա եղած գյուղացիների փոխանցմամբ, ոստիկանները դրսևորել են յուրահատուկ դաժանություն, որի արդյունքում մարմնական վնասվածքներ են ստացել շատ գյուղացիներ, այդ թվում և կանայք: Ըստ գյուղացիների, այդ գործողությունների ժամանակ մի քանի ոստիկաններ եղել են ոչ սթափ, այսինքն` հարբած վիճակում:
Աղբյուրի փոխանցմամբ, դեպքի առնչությամբ ոստիկանությունը ոչ մի հարցման պարզաբանում չի տվել: