Դեկտեմբերին ակադեմիկոսներ են ընտրելու
Դեկտեմբերի 27-28-ին տեղի կունենա ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողով, որի ընթացքում կանցկացվեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների և թղթակից անդամների ընտրություններ: Այսօր ԳԱԱ նախագահության ընդլայնված նիստում հայտարարել է ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է նաև ՀՀ ԳԱԱ-ի 2006-2010թթ. գործունեության հիմնական արդյունքները:
ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հաղորդմամբ, իր ելույթում նա անդրադարձել էՀՀ ԳԱԱ-ի օպտիմալացման ծրագրերին, որի հիմնական խնդիրը նույն կամ մոտ գիտական ուղղություններ ունեցող գիտական կազմակերպությունների միաձուլումն ու գիտական կենտրոնի ստեղծումն է։
Ներկայումս ծրագրի արդյունքում ՀՀ ԳԱԱ-ում գործում են Օրգանական քիմիայի և դեղագիտության գիտական կենտրոնը, Կենդանաբանության և ձկնաբանության ու հիդրոէկոլոգիայի կենտրոնը և Հայ-կենսատեխնոլոգիայի կենտրոնը: Այդ ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտների հետ միավորվել են նաև տարբեր գիտատեխնիկական կազմակերպություններ:
ՀՀ ԳԱԱ նախագահը նշել է, որ այս տարիների ընթացքում հին, ոչ հեռանկարային ուղղությունները փակվել են և հիմնվել են նորերը, որոնք համապատասխանում են գիտության զարգացման գերակա ուղղություններին։ Կազմվել են 2011-2015թթ. գիտական ծրագրերը։ Գիտության պետական կոմիտեի հետ մշակվել և կառավարության հաստատմանն են ներկայացվել «Գիտության զարգացման հայեցակարգը» և «Գիտության զարգացման գերակա ուղղությունները»։
Մշակվել և ՀՀ Ազգային ժողով է ներկայացվել «Գիտությունների ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Պատրաստ է ԳԱԱ-ի նոր կանոնադրության նախագիծը։
Հիմնադրվել են նոր երկու էլեկտրոնային ամսագրեր՝ «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա»։ Միայն 2009 թ. տպագրվել է 125 գիրք։
Ռադիկ Մարտիրոսյանը հատուկ ընդգծել է ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի գործունեությունը, որը պատրաստում է մագիստրոսներ և ասպիրանտներ ակադեմիայի ինստիտուտների հիմքի վրա: Ներկայումս կենտրոնի ուսանողների թիվը կազմում է 900։
Անցած 3-4 տարիների ընթացքում էապես ակտիվացել է ակադեմիայի միջազգային համագործակցությունը։ Համագործակցության նոր պայմանագրրեր են ստորագրվել Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի, Բելառուսի ակադեմիայի հետ։ Թարմացվել է Հունգարիայի հետ ունեցած պայմանագիրը։
Ռադիկ Մարտիրոսյանն անդրադարձել է նաև սոցիալական խնդիրներին՝ մասնավորապես նշելով, որ ՀՀ նախագահի աջակցությամբ լուծվում է երիտասարդ գիտնականների համար 200-210 բնակարանների շինարարության հարցը։