Ս. Սաֆարյան. Հրանտ Դինքի սպանողը՝ որպես թուրքական մերժողական քաղաքականության «պրոդուկտ»
«Հրանտ Դինքին սպանողը ոչ թե այդ Օգյուն Սամասթն էր, այլ թուրքական մերժողականության քարոզչությունն ընդդեմ հայերի, հայկական խնդիրների, որը պայմանականորեն տեսք ստացավ այդ «պատանու» կողմից (թուրքական դատարանը նրա դատական գործը տեղափոխել էր անչափահասների դատարան) իրականացված դաժան սպանության տեսքով»,- անդրադառնալով Թուրքիայում իրականացված դատական բարեփոխումներին, ինչի արդյունքում Հրանտ Դինքին սպանած հանցագործին պատրաստվում են ազատ արձակել՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Նա նշեց, թե բոլորն էլ հիշում են, թե ժամանակին, այդ հանցագործին տեղափոխող ոստիկաններն ինչպես էին հրճվանքով լուսանկարվում վերջինիս հետ՝ ընդունելով նրան իբրև ազգային հերոսի:
«Ակնհայտ է, որ այդ տղան ուղղակի թուրքական քաղաքականության «պրոդուկտն» է: Եթե այդ երկրում տեղի ունեցող «դատական բարեփոխումների» արդյունքում հանցագործն ազատ արձակվի, ապա կարծում եմ, որ դրանից հետո նախ և առաջ պետք է անհրաժեշտ հետևություններ անեն թուրքական քաղաքականությանը հավատացողները, թե՛ եվրոպայում, և՛ թե Հայաստանում, ու լրջորեն մտածենք, թե որ Թուրքիայի հետ և ինչպես ենք պատրաստվում մեր հարաբերությունները նորմալացնենք:
Նրա կարծիքով՝ այս երևույթը ևս մեկ առիթ կլինի խորհելու այդ խնդիրների և հայ-թուրքական արձանագրությունները մեր օրակարգում պահելու շուրջ: