Անի, Լամու, Մալութի. «Ամերիկայի ձայն»-ն անդրադարձել է ոչնչացման եզրին հայտնված պատմական հուշարձաններին
Անիի ավերված հուշարձանները 10-11-րդ դարերում գոյություն ունեցած մի կարևոր պատմության մասն են: Քաղաքում աշխարհիկ և հոգևոր կյանքին առնչվող շատ հրաշալի շինություններ են եղել: «Ամերիկայի ձայն»-ն (Voice of America) այսպես է ներկայացրել միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անին ու հիշատակել փաստը, որ Անիի պատմական հուշարձանները Համաշխարհային ժառանգության հիմնադրամը (Global Heritage Fund) ընդգրկել է ոչնչացման եզրին հայտնված պատմական հուշարձանների շարքում:
Ընդհանրապես, Համաշխարհային ժառանգության հիմնադրամի փորձագետներն աշխարհում առանձնացրել են 200 վայր, որտեղ հուշարձանները լրջագույն վտանգի առաջ են կանգնած: Հիմնադրամի նոր զեկույցում ընդգրկվել է 12 վայր, որոնք ծայրահեղ վիճակում են: Դրանցից մեկը Անին է, այնուհետև ցանկը շարունակում են` Խերսոնեսը (Ուկրաինա), Ֆամագուստան (Հյուսիսային Կիպրոս), Սանտյագո ամրոցը (Ֆիլիպիններ), Խիշեմի պալատը (Պաղեստին), Մալութայի տաճարները (Հնդկաստան), Գվատեմալայում մայաների մշակույթի Էլ Միրադոր հուշարձանը, Սան-Սուսի պալատը (Հաիթի), Մահաստանգար քաղաքը (Բանգլադեշ), Տաքսիլա քաղաքը (Պակիստան), Լամուն (Քենիա), Նինեվիա քաղաքը (Իրաք):
«Անին Հայաստանին սահմանակից քաղաք է Թուրքիայում: Այս հնագույն քաղաքը այժմ, հիմնականում, ավերակների է վերածվել: Բայց այն եղել է մեծ և հզոր հայկական թագավորության մայրաքաղաքը»,- իրենց լսարանին ներկայացրել են հաղորդման լրագրողները` հավելելով, որ Անին ժամանակին ավազակների կողմից կողոպտման է ենթարկվել: «Փորձագետներն ասում են, որ թուրքական կառավարությունը քիչ բան է անում հնագույն շինությունների պաշտպանության համար և դրանց մեծ մասը կործանման եզրին է»,- հավելել է հաղորդավարներից Ֆեյթ Լապիդուսը:
Պատմական հնագույն արժեքներին ուշադրություն չեն դարձնում նաև Աֆրիկայում: Մանսավորապես, Անիի կողքին` որպես կործանվող պատմական արժեք, ամերիկացի լրագրող Բոբ Դոութին հիշատակել է Լամու քաղաքը, որը հնագույն սուահիլյան բնակավայր է Արևելյան Աֆրիկայում և որը նույնպես Համաշխարհային ժառանգության հիմնադրամն ընդգրկել է ոչնչացվողների ցանկում:
Նշենք, որ Լամուն նույնանուն կղզու վրա է գտնվում, Քենիայի քաղաքներից մեկն է: Լամուի շինությունները մարջանից են: Այս կղզում սկսել են բնակվել դեռևս 8-րդ դարից: Արևելյան Աֆրիկայի առևտրային կենտրոններից մեկը լինելով` Լամուն նաև իսլամական մշակույթի երկիր է: Այս հնագույն քաղաքը 2001-ին ընդգրկվել է ՄԱԿ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: «Մի քանի հին շինություններ այս քաղաքում կործանման եզրին են»,- նշել է Բոբ Դոութին:
Հնդկաստանում գտնվող Մալութի քաղաքը, որ հայտնի է իր կրոնական շինություններով, նույնպես դասվում է ճարտարապետական հնագույն հուշարձանների թվին: Այստեղ դեռ 14-15-րդ դարերում տարբեր աստվածների պատվին 72 տաճար է կառուցվել, որոնց մեծ մասը փլուզվել են, իսկ կանգուն մնացածներն էլ ոչ բարվոք վիճակում են:
Համաշխարհային ժառանգության հիմնադրամի նպատակը մշակութային կարևորություն ներկայացնող վայրերի պաշտպանությունն է: Վկայակոչելով Հիմնադրամի «Պաշտպանել մեր ոչնչացող ժառանգությունը» վերնագրով զեկույցը, լրատվամիջոցը նշել է, որ մինչև 2025 թվականը մշակութային կարևոր նշանակություն ունեցող վայրերը կարող են տարեկան մեկ միլիարդ դոլարի եկամուտ ապահովել զարգացող երկրների համար: Այդ վայրերը պահպանելը մեծ նշանակություն կունենա տվյալ երկրի տնտեսության վրա` նկատի ունենալով այն, որ դա կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը և զբոսաշրջության զարգացմանը:
Ըստ Համաշխարհային ժառանգության հիմնադրամի` անցյալի, ներկայի և ապագայի սերունդների առջև պարտք կա` համոզված լինելու, որ չենք կորցնի մարդկության պատմության այդ բացառիկ նմուշները:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին